ՀՀ Զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ զինծառայողները բարձր որակի համազգեստ են ստանում:

Այսօր՝ հուլիսի 1-ին, Կենտրոնական հավաքակայանում նորակոչիկների հետ զրույցում Մովսես Հակոբյանը նախ հետաքրքրվեց, թե գոհ են նոր տեսակի կոշիկներից, ապա տղաներից մեկից խնդրեց հանել գուլպան, որը բանակն է տրամադրել:

«Ոչ մեկդ ձեր ամուսինների, հայրերի համար նման նասկի չեք գնում, նաեւ իմ կինն ինձ համար այս որակի նասկիներ չի գնում», - դիմելով լրագրողներին՝ կատակեց ԶՈՒ շտաբի պետը:

NEWS.am-ի լրագրողի հարցին՝ սա նշանակում է, որ այսուհետ զինծառայողների ծնողները նման բաներ չեն ուղարկելու, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Միշտ էլ ուղարկելու է, այնպես պիտի անենք, որ չուղարկի: Առաջինը պիտի զինվորին դաստիարակենք, որ իրեն տրամադրվող իրեղեն հանդերձանքը խնայողաբանր օգտագործի սահմանված ժամանակահատվածում: Երբ նորմացույց ենք սահմանում, հաշվի ենք առնում, թե մենք ինչքան ժամանակ ենք դա տանն օգտագործում, այդ ժամկետը կրճատել ենք երկու անգամ: Եթե զինվորը խնայողաբար օգտագործի, հաստատ տանից չի ուզի»:

Նշենք, որ ժամկետային զինծառայողների ծնողներից շատերը ծառայության ընթացքում ստիպված են լինում պարբերաբար հագուստ ուղարկել, նույնիսկ զինվորական համազգեստ ու կոշիկ: