Երեւանում այսօր՝ հուլիսի 3-ին, մեկնարկեց «Սասնա Ծռեր» զինված խմբի 18 անդամի գործով դատավարությունը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստի մեկնարկին ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի համար թարգմանիչ ներգրավվեց: Այնուհետեւ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորեց դատավարության մասնակիցներին հարգալից լինել միմյանց նկատմամբ:

Չնայած այսօրվա դատական նիստին բացակա պաշտպաններ կային, Արտուշ Գաբրիելյանը ներկայացրեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հնարավորության մասին: Պաշտպան Հրանտ Գեւորգյանը մինչդեռ միջնորդեց «Սասնա ծռերի»երկու գործերը միացնել եւ քննել միասին:

«Դատարանը նպատակահարմար չի գտնում, ծավալուն գործեր են»,- հակադարձեց դատավորը:

Պաշտպան Հրանտ Գեւորգյանը, սակայն, շարունակեց պնդել` երկու գործերը պետք է քննել միասին: Գեւորգյանի միջնորդությանը միացան նաեւ մյուս պաշտպանները: Պաշտպաններից Դավիթ Գյուրջյանն էլ հայտարարեց, որ հնարավոր չէ նման պայմաններում դատական նիստը շարունակել, քանի որ բացակա պաշտպաններ կան: Արտուշ Գաբրիելյանը կրկին հակադարձեց` նախապատրաստական փուլում կարեւոր չէ բոլոր պաշտպանների ներկայությունը:

«Ես խնդրում եմ բոլորին, որ կարողանանք ողջամիտ ժամկետում ավարտենք գործը, ամեն հինգշաբթի ժամը 11.30-ին նիստ ենք անելու»,- ասաց դատավորը:

Պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ հայտարարեց, որ կան պաշտպաններ, որոնք դրսում են եւ չեն կարողացել ներս մտնել: Դատարանը որոշեց 30 րոպեով նիստը ընդմիջել այս փաստաբանների ներկայությունն ապահովելու համար:

Ի դեպ, այսօր նույնպես գրեթե ոչինչ չի լսվում: Պաշտպանների հայտարարությունները դատարանում ներկաները կցկտուր էին լսում:

Նշենք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվում են արտագնա` Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: