Հայաստանի ԱԺ-ի մոտ այս պահին, «S.O.S. Սևան» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում՝ ուղղված Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցնելու կառավարության առաջարկի դեմ:

«Էկոլուր» տեղեկատվական-հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանն իր խոսքում նշեց, որ եթե Ազգային ժողովը հավանություն տա նախագծին, իրենք ստիպված կլինեն բացահայտել, թե ում շահերին է ծառայում ջրառը։ «Մենք ունենք արդեն 600-ից ավելի կազմակերպություններ ու անձինք, որոնք միացել են մեր նախաձեռնությանը: 72 կազմակերպություն ստորագրել են նախաձեռնության կոչն ընդդեմ Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու վտանգավոր որոշման»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք արդեն հետաքննություն են սկսել, պարզելու համար, թե ում շահերին է ծառայում այդ օրինագծի ընդունումը:

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանն էլ ընդգծեց, որ նախօրեին մասնակցել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել է այդ օրինագիծը: «Բոլորը միանշանակ հաստատեցին, որ ներկայացվել է թերի նախագիծ, ոչ մի հիմնավորում չկա, ոչ մի թիվ չի համապատասխանում եւ պահանջեցին, որ այսօր ներկայացվի տեղեկանք: Այնինչ տեղեկանքը պետք է ներկայացվեր նախօրոք: Այդուհանդերձ, օրինագիծը հավանության է արժանացել հանձնաժողովում: Դեմ են եղել միայն ՀՅԴ-ի եւ «Ելք»-ի ներկայացուցիչները»,-ասաց նա:

Բնապահպանի խոսքով, Վերահսկիչ պալատի 2015-ի ուսումնասիրության համաձայն 45 տոկոս ջրի կորուստ կա. «Այսինքն, եթե այս օրենքի համաձայն պետք է Սեւանից բաց թողնեն 270 մլն խմ ջուր, դա նշանակում է, որ ըստ կորուստների թվի, 130 մլն խմ ջուր կորելու է: Պարզ է, որ բնության մեջ ջուրը չի կարող կորել, դա էլ կոռուպցիոն ռիսկ է, դրա հաշվին էլ շահույթ են ստանում եւ գնալու է ինչ-որ մեկի գրպանը»: