Ադրբեջանը երեկ ուշ երեկոյան շփման գծում հերթական անգամ սադրանքի է դիմել: Հակառակորդը տարբեր զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը՝ նաեւ ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ կիրառելով: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական զինուժն առաջին անգամ է նման զինատեսակ կիրառում:
Արցախի զինուժը պատասխան հարված է հասցրել ադրբեջանական Ալխանլու գյուղի կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդը կորուստներ ունի:
Ադրբեջանական սադրանքի արդյունքում հայկական կողմը կորուստներ չունի: Պաշտոնական Ստեփանակերտի համոզմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրանքի օգնությամբ փորձում են շեղել ուշադրությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սպառազինության մատակարարման շուրջ դիվանագիտական սկանդալից: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով՝ իրենց ռազմաքաղաքական դոկտրինը հիմնված է ակտիվ պաշտպանության վրա: «Դա նշանակում է, որ մենք առաջինը չենք սկսում, բայց միշտ պատրաստ ենք պատասխան տալ: Այնպիսի պատասխան, որ հակառակորդը չցանկանա կրկնել ստացած դասը»,- նշել է Բաբայանը:
Շփման գծում իրավիճակին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին արձագանքել են հերթապահ հայտարարությամբ: Նրանք կողմերին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ են արել: «Բռնությունը միայն հետագա բռնություն է ծնում եւ ոչնչի չի հանգեցնում: Վաղեմի հակամարտությունը լուծելու միակ պատասխանատու եւ մարդասիրական միջոցն այն է, որ կողմերը բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու բարի կամք դրսեւորեն»,- ասված է եռանախագահների հայտարարությունում:











