Կառավարությունը 2016 թվականի պետական բյուջեի կատարողականում չի նշել, թե մակրոտնտեսական եւ տնտեսական միջավայրի վրա ապրիլյան պատերազմն ինչ ազդեցություն է թողել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

 Նա, դիմելով հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ասաց, որ կառավարությունը մանրամասն վերլուծել է ԵՄ, ԵՏՄ, նավթի գնի ազդեցությունը բյուջեի վրա, մինչդեռ հաշվետվության մեջ ապրիլյան պատերազմին ոչ մի անդրադարձ չկա:

«Չեք նշել, թե մակրոտնտեսական եւ տնտեսական միջավայրի վրա պատերազմն ինչ ազդեցություն է թողել, մեր տնտեսությունն ինչքանով է պատրաստ իր վրա կրել իմ համոզմամբ անխուսափելի պատերազմի բեռը: Այդքան ասվում էր, որ ապրիլյան պատերազմին միլիարդների ծախսեր են արվել, ամրացվել է եւ այլն, բայց ՀՆԱ-ի վրա չի երեւացել, միայն ասում եք 0,2% աճ ունենք»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով. «Նշվում է, որ պատմական ամենացածր մակարդակի դրամային փոխանցումեր ենք ստացել: Այսինքն՝ մենք սրանով արձանագրում ենք, որ պատերազմի տարում ունենք վստահության լրջագույն խնդիր որպես ճգնաժամ»:

Ի պատասխան Ֆինանսների նախարարն ասաց, որ դժվար է նման գնահատական տալ. «Ռուսաստանի տնտեսական աճի եւ երկիր ներհոսող տրանսֆերտների միջեւ վերլուծություն կա, որը փաստում է, որ բացասական է եւ, բնականաբար, երկրի վրա կանդրադառնար: Միգուցե հակառակն է եւ ապրիլյան պատերազմն էր խնդիրը, որ 18 տոկոս անկում ունեցանք, ոչ թե օրինակ՝ 20 տոկոսի անկում: Ձեր ասածը գուցե կարելի է անել, բայց դա բյուջեի հաշվետվությունից դուրս է»:

Փաշինյանն էլ նկատեց, որ շատ վատ է, որ այդ վերլուծությունը չի արվել, որովհետեւ տարեկան հաշվետվության հիմնական խնդիրը մակրոտնտեսական, միկրոտնտեսական եւ տնտեսական միջավայրը վերլուծելն է: