«Կոնտինենտ Տեքս» ընկերության նախկին աշխատակիցները այսօր՝ հուլիսի 6-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց 8 ամսվա աշխատավարձը:
Բողոքի ակցիայի մասնակիցներից Գոհար Թամամյանի խոսքով, ով երկար տարիներ ընկերության դերձակն է եղել եւ ոստիկանական համազգեստներ կարել, արդեն 4 տարի է՝ իրենք ընկած են դռնեդուռ, դիմել են տարբեր բարձրաստիճան մարմինների, սակայն անպատասխան են մնացել:
Ըստ Թամամյանի, ընկերությունը շուրջ 140 նախկին աշխատողներին պարտք է մոտավորապես 32-33 միլիոն դրամ:
«Ամեն հինգշաբթի էստեղ ենք, տարբեր լրատվական միջոցներով ենք երեւացել, բայց օգուտ չկա: Վարչապետին գրում ենք, նամակը գնում է Արդարադատության նախարարություն: Չեն ասում՝ չենք տա, բոլորն էլ ասում են՝ կտանք, ասում են՝ գործընթաց է, պիտի կատարվի, նոր տանք, 4 տարի է՝ սպասում ենք, ինչքա՞ն սպասենք, 40 տարի սպասե՞մ, որ ստանամ: Բարձր ամբիոններից գոռում են՝ ժողովրդավարություն, էս չի՞ ձեր ժողովրդավարությունը, էս չի՞ ձեր ժողովրդի վիճակը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:
Ակցիայի մասնակիցներից Հայկանուշ Գալստյանը եւ սվարչապետի խոստումներին թերահավատորեն է վերաբերվում. «Վարչապետը համոզում է, որ եվրոպական երկիր կդառնանք, մարդիկ իրենց աշխատանքով կապրեն: Մարդ 4 տարի իր աշխատավարձը չստանա՞: Նախագահը, վարչապետը, ոստիկանապետը ի՞նչ են մտածում: Ոստիկանության համար էդքան համազգեստ ենք կարել: Միթե մեր ոստիկանապետը չգիտի, որ իր հագուստը կարող դերձակներն արդեն չորս տարի է՝ աշխատավարձ են խնդրում»,-ասաց Գալստյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 1-ին Կառավարությունը պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտ Տեքս» ընկերությունը լուծարելու որոշում էր ընդունել:











