Փաստաբան Լուսինե Սահակյանը կարծում է, որ ամեն ինչ արվում է, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարությունն ընթանա ամբաստանյալների ու պաշտպանների բացակայությամբ: Այսօր` հուլիսի 6-ին, Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  «Սասնա ծռեր» խմբի գործով նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում Լուսինե Սահակյանն ընդգծեց նաեւ, որ դատարանն իր գործողություններով փորձ է անում ներգրավվել պաշտպանների, որոնք կընդունեն դատարանի ցանկացած գործելաոճ: (Ֆոտոռեպորտաժ)

«Նախկինում էլ ենք նախադեպեր ունեցել, երբ պաշտպանների նկատմամբ սանկցիա է կիրառվել, իսկ երբ հանրային պաշտպաններ են ներգրավվել, նրանք լքել են դատական նիստերի դահլիճն այն պատճառաբանությամբ, որ իրավունք չունեն մնալ, երբ անձը ցանկություն չի հայտնում իրեն պաշտպանելու: Եթե գտնվեն այնպիսի հանրային պաշտպաններ, որոնք կմնան, ակնհայտ է, որ այդ պաշտպանը, մեղադրողն ու դատավորը համագործակցում են: Ես մեծ հույս ունեմ, որ հանրային պաշտպաններն էլ իրենց բարձր դիրքերում կմնան եւ չեն մտնի այդ  խաղի մեջ»,- ասաց նա:

Պաշտպանը նաեւ նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի գործը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժելու է ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

«Պարզ է արդեն, որ դատավորն ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու է, արդեն իսկ իր կանխակալ կարծիքն հայտնեց: Մի դեպքում դատավորը գտնում է, որ մենք պաշտպաններ չենք, որովհետեւ ներգրավված չենք, մյուս կողմից էլ սանկցիա է կիրառում, որովհետեւ չենք ներկայանում: Սրանք գործողություններ են, որոնք գալիս են նրանից, որ դատավորը խախտումներ է թույլ տալիս` ազդելով պաշտպանների վրա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով այսօրվա նիստի Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին` նշելով, որ դատավորը  կոպիտ խախտում է թույլ տվել: Նրան միացան մյուս պաշտպանները: