Ադրբեջանին թվում է, որ պետք է գնդակոծի հայկական տարածքները եւ պատասխան չստանա: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում լարվածությանը:

«Չի բացառվում, որ Ադրբեջանը սահմանին իրավիճակը տանի սրացման, մենք միշտ էլ պետք է պատերազմի պատրաստ լինենք, Ադրբեջանը  պետք է ամեն ինչ անի, որ հարցը լուծի պատերազմի միջոցով, խաղաղ բանակցության պատրաստ չի: Իրեն թվում է, որ իրեն պետք է իրավունք վերապահի գնդակոծելու մեր տարածքները եւ պատասխան չստանա: Բոլորի համար ակնհայտ է, որ հայկական կողմին ՝ոչ Ղարաբաղին, ոչ Հայաստանին անհրաժեշտություն չկա, որ խախտեն հրադադարը, ակնհայտ է, որ  նախահարձակ է լինում միշտ Արդբեջանը եւ վերջին ժամանակներում էլ Մինսկի խումը հասցեական հայտարարություն է անում»,-ընդգծեց Ռուստամյանը:

Նրա խոսքով Ադրբեջանն անցել է զգացմունքային դաշտ, փորձում է հումանիտար գործոնների վրա շեշտադրում անել. «Ադրբեջանը հասկանում է, որ այստեղ էլ չի կարող թաքնվել իր քարոզչական մեքենաների շղարշի հետեւում եւ փորձում է օգտագործել հումանիտար ֆակտորը եւ բնակավայրերը տեղակայում է կրակակետերում: Իրեն թվում է, որ եթե բնակավայր է, պետք է չլռեցվեն կրակակետերը , իսկ երբ լռեցվում է կրակը, բնականաբար, զոհեր են լինում նաեւ բնակիչների շրջանում: Ադրբեջանը սա հաշվարկել է եւ փորձում է մեղքը բարդել հայկական կողմի վրա»: 

Դաշնակցական պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը փորձում է խաղալ միջազգային հանրության զգացմունքների վրա՝ տպավորություն ստեղծելով, թե հայկական կողմը վանդալի կերպար ունի. «Նոր մարտավարություն է որդեգրել, այն է խաղալ միջազգային հանրության զգացմունքերի վրա եւ տպավորություն ստեղծել, որ Հայաստանը այդպիսի վանդալ կերպար ունի: Մենք պետք է ամեն ինչի էությունը բացահայտենք ու չի կարող լինել, որ հրադադարի խախտելու դեպքում զոհեր չլինեն: Մեր կողմից էլ են զոհվել: Այնպես չի, որ Ադրբեջանը իրականացնի հարձակումները համ էլ աղաղակի, իր վրա կրակում են»: