Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչու է արգելք դրված «Սասնա ծռերի» եւ Սեֆիլյանի եւ մյուսների գործերով մեղադրյալների՝ իրենց ընտանիքի անդամներին տեսակցելու վրա:

Այսօր՝ հուլիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ ինչու է արգելք դրված, քանի որ այն քրեաիրավական որեւէ բացատրություն չունի:

«Տեսակցությունները տեղի են ունենում քրեակատարողական հիմնարկի աշխատողների ներկայությամբ: Ինքս էլ ժամանակին եղել եմ կալանավայրում եւ տեսակցությունների մի մասը եղել են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ներկայությամբ»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Արթուր Դավթյանը պարզաբանեց՝ դա ինքնանպատակ չէ, պայմանավորված է վարույթում մեղադրյալի պատշաճ ներկայացմամբ. «Որեւէ մեկի կողմից անձնական կամ հաշվեհարդարի խնդիր չկա: Անհրաժեշտ հիմքեր են եղել մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար»:

Նիկոլ Փաշինյանին այս պատասխանը զարմացրեց. «Եթե ասեիք, որ տեսակցություն մի անգամ տվեցիք եւ այդ ընթացքում նախաքննությանը խոչընդոտող դարակազմիկ իրադարձություն տեղի ունեցավ, ես ձեզ կհասկանայի, բայց ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ իրավական տրամաբանության մեջ չի մտնում, որ թույլ չեն տալիս տեսակցել իրենց երեխաների հետ»:

Արթուր Դավթյանը հիշեցրեց, որ այդ գործերով նախաքննությունն ավարտվել է եւ արդեն դատարանում հնարավորություն կա բացելու տեսակցությունները: