Ազգային ժողովում այսօր՝ հուլիսի 10-ին «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր զարմանքը հայտնեց արտահերթ նստաշրջանում արված հայտարարությունների մասին:
«Ջերմային ֆոնի բարձր պռեսինգի՞ց է, որ տարօրինակ հայտարարություններ են հնչում: Գլխավոր դատախազն ասում է, որ դատախազությունում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են: Ի դեմս 332 դատախազների՝ ունենք սրբադասության հավակնորդներ և ի՞նչ է մնում մեզ՝ դիմել Մայր աթո՞ռ 332 դատախազին սրբակարգելու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Այնուհետեւ պատգամավորն անդրադարձավ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությանը. «Լսեցինք մեկ այլ հաշվետվություն, զարմանալիորեն նույնպիսի ստերիլ, ջերմոցային միջավայրի վերաբերյալ: Պարոն Մուկուչյան, ո՞ւմ հայտնի չէ, որ մեր երկրում կա տոտալ անվստահություն ընտրությունների նկատմամբ: Ամեն ինչ կարելի է արդարացնել, այո, մեր երկրում օրենքը շատ բան թույլ չի տալիս, Ընտրական օրենսգիրք փոխեցինք, որ օնլայն հեռարձակվեր քվեարկությունը տեղամասերից, բայց բազմաթիվ դեպքեր եղան, որտեղ մարդկային մեծ կուտակումներ կային, հեռարձակումը խափանվեց»:
Նաիրա Զոհրաբյանը հորդորեց չսրբադասել պաշտոնյաներին, այլ քննարկել եւ հասկանալ, թե ինչպես բարելավել ընտրությունների ընթացքը:











