Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով նիստի մեկնարկին զավեշտալի դեպ է գրանցվել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբաստանյալներից Արայիկ Հակոբյանի եւ Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ցանկանում էր միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ չտվեց միջնորդությունը ներկայացնել` նշելով, որ դեռ միջնորդություն ներկայացնելու փուլը չէ, սակայն, պաշտպանը նշեց, որ ներկայացնելու է իր միջնորդությունը:
«Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, ես ասում եմ` չշարունակեք»,-Արտուշ Գաբրիելյանը դիմեց պաշտպանին, որն առաջացրեց նիստերի դահլիճում ներկաների ծիծաղը, որից հետո Արտուշ Գաբրիելյանը ավելացրեց. «Ես հիմա գնում եմ խորհրդակցական սենյակ` Ձեր խափանման միջոցը որոշելու»,-այնուհետեւ ինքն իրեն ուղղելով ավելացրեց` «Հեռանում եմ խորհրդակցական սենյակ Ձեր վարքագծի հետ կապված համապատասխան որոշում կայացնելու»:
Դատարանը հայտարարեց ընդմիջում:
Նշենք, որ այսօրվա նիստին դատական նիստերի դահլիճում են ամբաստանյալներից միայն Արամ Մանուկյանը, Թաթուլ Թամրազյանը եւ Հովհաննես Հարությունյանը:
Դատարանը մյուս 15 անդամների նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել ոտքի չկանգնելու համար եւ հեռացրել նիստերի դահլիճից:
Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:











