«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը հունիսի 12-ին տեղի ունեցած նիստից հետո տեղափոխվել է պատժախուց: Այս մասին այսօր` հուլիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա նշեց, որ նախօրեին տեսակցել է Արեգ Կյուրեղյանին, պաշտպանյալը չի ցանկացել մեկնաբանել իր մոտից ածելու սայր հայտնաբերելու ՔԿՎ-ի հաղորդագրությունը, սակայն, փոխանցել է, որ, եթե հնարավորություն ունենար «Կալաշնիկով» ավտոմատ տեղափոխելու` կտեղափոխեր:
«Մենք գիտենք, որ երկու շաբաթ առաջ դատարանի շենքում Արեգը դաժան բռնության եւ ծեծի է ենթարկվել եւ երեկ ինքն էլ իմացել է, որ նույն ոստիկաններն են իրեն դատարան տեղափոխելու եւ շփում է լինելու այն 15 հոգու հետ, ովքեր երկու շաբաթ առաջ նրան բռնության էին ենթարկել: Մենք գիտենք, որ ցանկացած անձ իրեն յուրաքանչյուր եղանակով պաշտպանելու իրավունք ունի»,-ասաց նա:
Թե ինչքան ժամանակ է Արեգ Կյուրեղյանը մնալու պատժախցում, դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ՔԿՎ-ն հաղորդագրություն էր տարածե, որ դատական նիստի տեղափոխվելուց առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, համաձայն ներքին կանոնակարգի, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Արեգ Կյուրեղյանը, ում մոտից հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր, ինչն արգելված իր է:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերին հունիսի 28-ին ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը,Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը բռնության էին ենթարկվել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:











