Վանաձորի կենտրոնական հանրախանութի շրջադարձի վրա գտնվող ծաղկանոցն անասունների համար այսօր ծառայել է որպես արոտավայր: NEWS.am-ի Լոռու թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են կովերը արածում քաղաքի կենտրոնում գտնվող շրջադարձի ծաղկանոցում՝ վնասելով ու ավերելով ծաղիկները:
Քաղաքացիների ահազանգով րոպեների ընթացքում այցելել են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք անասուններին դուրս են բերել ծաղկանոցից: Կարճ ժամանակ անց անասունների տերերը հայտնաբերվել են: Նրանց նկատմամբ հավանաբար կկիրառվի վարչական տույժ, ինչպես նաեւ կստիպեն վերականգնել համայնքին պատճառված վնասը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալտնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանն ասաց, որ անասնատերերը հայտնաբերվել են. «Հրավիրվել ենք քաղաքապետարան: Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ նման քայլերից, քանի որ նման ցանկացած դեպք խիստ ենք դիտարկելու եւ ոչ ոք անպատիժ չի մնալու: 10-ից ավել ծաղիկներ կան տնկված, այսօր մեծ վնաս է հասվել ծաղկանոցին»,-ասաց բաժնի պետը:
Հատկանշական է, որ սա Վանաձորում առաջին դեպքը չէ, երբ մարդիկ իրենց անասուններին արածեցնում են քաղաքի փողոցներում ու ծաղկանոցներում, միեւնույն ժամանակ բողոքերոլվ, թե քաղաքում կամ ծաղիկներ չկան, կամ էլ քաղաքն է անխնամ:



Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի











