«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստին այսօր՝ հուլիսի 19-ին, ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը կրկին չէր ներկայացել դատարան: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պաշտպանը դատարան գրություն է ուղարկել եւ տեղեկացրել, որ մեկ այլ դատական նիստի է ու չի կարող ներկայանալ դատարան: Նա նկատեց, որ պաշտպանն արդեն 5 դատական նիստ չի ներկայանում դատարան եւ հետաքրքրվեց Սմբատ Բարսեղյանից` արդյոք ցանկանում է հրաժարվել իր պաշտպանից: Սմբատ Բարսեղյանը նշեց, որ այլ պաշտպան չի ցանկանում ունենալ եւ համաձայն է, որ նրա բացակայության պայամններում նիստը շարունակվի:
«Եթե չի գալիս եւ հարգելի պատճառ ունի դրա համար, այլ օրերին եւս կարող ենք նրա բացակայությամբ շարունակել նիստը, ես այլ պաշտպան չեմ ուզում»,-ասաց նա:
Պաշտպաններից Արայիկ Խանդոյանի եւ Արմեն Լամբարյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը եւս գրություն էր ներկայացրել դատարան, որ այլ նիստի է եւ չի կարող ներկայանալ դատարան: Սակայն, Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պաշտպանը դատարանի տարածքում է եւ նա չի մտնում շենք, որովհետեւ նրան զննության են ենթարկում. «Արձանագրություն է կազմվել առ այն, որ ցանկանում են խուզարկել իրեն, դրա համար էլ չի մտնում շենք»:
Ամբաստանյալներից Էդվարդ Գրիգորյանի եւ Սեդրակ Նազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ գրություն էր ներակյացրել դատարան եւ տեղեկացրել, որ արձակուրդում է եւ չի կարող ներկայանալ նիստին: Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճում գտնվող պաշտպաններին առաջարկեց իրենց արձակուրդը կազմակերպել օգոստտոսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում, որպեսզի դրանք չհետաձգվեն պաշտպանների բացակայության պատճառով:
Դատարանը կրկին ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները ներկայանան նիստին:
Ընդմիջման ժամանակ դատարանի դահլիճից չհեռացվեց Պավլիկ Մանուկյանը, նա նիստերի դահլիճում նստած ազգագարական երգ է երգում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:
Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:
2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:
Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:











