«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստին այսօր՝ հուլիսի 19-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Նա նշեց, որ դատարանը կդիմի Փաստաբանների պալատ` փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Նիստերի դահլիճում գտնվող պաշտպանների մոտ դատարանի այս որոշումն առաջացրեց դժգոհություն. Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դիմեց դատարանին` նշելով, որ նա անօրինական որոշում է կայացրել` իմանալով, որ պաշտպանները դատարանի տարածքում են եւ ներս չեն կարողանում մտնել, որովհետեւ նրանց ցանկանում են զննության ենթարկել: Ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը եւս ցանկանում էր դիմել դատարանին, երբ Արտուշ Գաբրիելյանը ընդհատեց նրան, ասելով` «Պարոն Ինեսսա պետրոսյան, նստեք…»:
Այնուհետեւ դատարանը նիստը կրկին ընդմիջեց` նշելով, որ հեռանում է խորհրդակցական սենյակ ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:
Նշենք, որ «Սասնա ծռերի» գործով նիստը մեկնարկել է ժամը 11:00-ին, սակայն, արդեն երեք անգամ ընդմիջվել է: Նիստի հաճախակի ընդմիջումները դժգոհություն են առաջացրել եւ ամբաստանյալների, եւ նիստերի դահլիճում գտնվող նրանց հարազատների մոտ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:
Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:
2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:
Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:











