Իրանի երեք խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Շիրազում, Մաշհադում, հուլիսի 23-29-ին, անցկացվել է հայկական ֆիլմերի առաջին շաբաթը, որը նախաձեռնվել եւ կազմակերպվել էր Իրանում ՀՀ դեսպանության կողմից:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված մի քանի տասնյակ ֆիլմերից ընտրվել էին Արամ Շահբազյանի, Արեն Վաթյանի, Վիգեն Չալդրանյանի, Միքայել Պողոսյանի եւ այլ հայ կինոռեժիսորների թվով 10 ֆիլմ, որոնց ցուցադրումը կազմակերպվել էր իրանական «Արվեստ եւ փորձառություն» մշակութային կազմակերպության կողմից:
Ցուցադրումների ընթացքում հայ եւ իրանցի կինոգործիչների եւ փորձագետների մասնակցությամբ անցկացվեցին քննարկումներ՝ նվիրված հայկական կինոյի պատմությանը, կինոարտադրությանը, կինոյի զարգացման ժամանակակից միտումներին:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստան-Իրան մշակութային համագործակցության համատեքստում բարձր գնահատելով հայկական ֆիլմերի շաբաթվա նշանակությունը, ընդգծեց նմանօրինակ միջոցառումներն պարբերական դարձնելու հայկական կողմի հանձնառությունը: Հայկական ֆիլմերի շաբաթվա արդյունքների ամփոփման ժամանակ դեսպան Թումանյանը նշեց. «Հայ մշակույթը եւ Հայաստանը Իրանում պատշաճորեն ներկայացնելը մեր գլխավոր նպատակն է, եւ այդ առումով այս միջոցառումը կարեւոր քայլ էր»:











