Վայոց ձորը Տոսկանիայից լավ երկիր ա լինելու, բայց Տոսկանայում բոլորը դա գիտեն: Այս մասին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ցուցանիշներին ու հնարավորություններին:

Դիմելով գյուղատնտեսության նախարարին եւ մարզում ոլորտի պատասխանատուներին, համայնքապետերին ու մարզպետին, վարչապետն ասաց. «Ո՞նց եք կառավարում ոլորտը, եթե ելակետային թվերը, որոնք բնութագրում են ձեր կառավարման սուբյեկտը, չգիտեք անգիր: Լոքյանը կողքից ձեր թվերն ինձ հուշում է, որը երեկ երեւի քնելուց առաջ թվերի վրայով մի փոքր անցել ա: Վայոց ձորը Տոսկանիայից լավ երկիր ա լինելու, բայց Տոսկանայում բոլորը դա գիտեն: Տոսկանիայում ով էլ գյուղատնտեսության չի զբաղվում, երեկոյան պանիրն ու գինին որ խմում է, ինքը գիտի՝ ինտենսիվ այգին մոտավորապես քառակուսի մետրը ինչքան է նստում, հազար քմ-ն ինչքան է նստում: Իր բերքատվությունը ոչ ինտենսիվ այգուց ինչով է տարբերվում, քանի տարվա մեջ է փակում ծախսերը ու երբ է ինքը երջանկանում: Բա եթե մեր գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն, մեր չեմպիոնը, մեր գյուղատնտեսության լիդերը դա չգիտի, ոնց եք մնացածին բերելու դաշտ»:

Դիմելով Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Մ. Ներսիսյանին, Կարեն Կարապետյանն ասաց. «Սաղ օրը ֆերմերների հետ օր ու գիշեր պիտի խոսես, չայ խմելուց պիտի խոսես, նախաճաշ անելուց պիտի խոսես: Ով է կուրատորը Վայոց Ձորի, հա բզես, ասես՝ սա էլ է թղթերը տարել բանկ, լիզինգով 4 հատ կոմբայն կարող եմ բերել, որ որակը փոխեմ: Այստեղ Վայոց Ձորի «զբոռնին» է հավաքվում մարզպետի կողքը: Որպեսզի նա հաշվի, թե ոնց է գոլը խփելու, պետք է թվեր իմանա, որ համայնքնապետերին էլ օգնի, ասի՝ լսի, գույքահարկդ, հողի հարկդ նայի, միջին հանրապետականն էսքան է, մերը միջին հանրապետականից ավելի է, բայց դրա մեջ մեր «ամագը» քիչ է, տղերք, մտածեք, թե ինչ եք անում, որ լավ լինի: Ընկնում ենք թասիբի»: