Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը մինչեւ օգոստոսի 10-ը կմնա կալանքի տակ, որից հետո կսկսվի դատավարությունը:

34-ամյա Կարապետ Մողրովյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է, 4 երեխաների հայր: Մողրովյանները սեփական տուն չունեն, վարձով են բնակվում, տան միակ աշխատողն էլ Կարապետն էր: Նրա կալանավորվելուց հետո ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում:

«Ամուսինս երկու տարի աշխատել է «Քոչար տուր»-ում որպես վարորդ, ընտանիքին ինքն էր պահում, հիմա ես երեխաներիս հետ չգիտեմ ինչ անել: Մեր ընտանիքը շատ վատ վիճակում է, չգիտեմ՝ էս 4 երեխաներիս ոնց պահեմ, միակ աշխատողն ամուսինս էր, աշխատում էր, երեխաներին պահում: Գոնե 4 երեխաներիս խղճան ու մեղմ վարվեն ամուսնուս հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց կալանավորված վարորդի կինը՝ Աննան:

Կարապետ Մողրովյանի ամենափոքր երեխան 2,5 տարեկան է: Աննայի խոսքով, ինքը ցանկանում է աշխատել, բայց նախ, 2,5 տարեկան որդուն պահող չկա, երկրորդ, Արթիկում աշխատանք գտնելը դժվար է. «Ամուսնուս հայրն անկողնային հիվանդ է, իրենք էլ հնարավորություն չունեն մեզ օգնելու, սոցիալապես անապահով են նաեւ իմ ծնողները: Բարեկամներս կարողացան միայն օգնել փաստաբան վարձել Ռուսաստանում: Ես էլ 46 հազար դրամ նպաստ եմ ստանում, որից 15 հազարը պետք է տան վարձ տամ, մնացածով էլ մի կերպ եմ կարողանում 4 երեխաներիս պահել, բայց դա բնականաբար չի բավականացնում ոչ մի բանի համար»:

Աննան նշեց, որ վթարից 1,5 ամիս է անցել, բայց «Քոչար տուր» ընկերության տնօրեն Արամ Քոչարյանը չի այցելել Մողրովյաններին, ոչնչով չի փորձել օգնել, ընդհակառակը, վթարից տուժածներին «ուղղորդել» է դեպի իրենց ընտանիք:

«Արամ Քոչարյանից ոչ մի օգնություն չեմ ստացել, նույնիսկ չի եկել մեզ տեսնելու, հիվանդներին իմ համարն է տվել, ամեն օր զանգում, ինձնից փող են ուզում բուժման համար, բայց ես ոչ մի հնարավորություն չունեմ»,- ասաց Աննան:

Հիշեցնենք, որ 2017թ. հունիսի 18-ին М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով կա 1 զոհ, 9 վիրավոր: Հայկական միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը կալանավորված է, իսկ ԿԱՄԱԶ-ի վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել: