Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 31-ին, մեկնարկած՝ Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստն արագ հետաձգվեց (ֆոտոռեպորտաժ):

Ամբաստանյալներից Արմեն Պողոսյանի շահերի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը ներկա չէր դատական նիստին, եւ դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգելու մասին։ Գործը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը գործով յոթ ամբաստանյալներից  ճշտեց նրանց ինքնությունը, որից հետո ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանի շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգելու վերաբերյալ՝ Վիկտորյա Կիրակոսյանի բացակա լինելու պատճառաբանությամբ։ Դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստը նշանակել օգոստոսի 28-ին, ինչը զայրացրեց ամբաստանյալներին։

«Մեզ չեք հարցնում՝ ձեռք տալիս է, թե ոչ։  Ես ասում եմ իրականությունը, անմեղ մարդուն բռնել գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք օգոստոսի 28-ին նշանակել»,- դժգոհեց Սամվել Բաբայանը։

Նիստի վերջում Սամվել Բաբայանը մոտեցավ գործով մեղադրող Արամ Արամյանին եւ մի քանի րոպե զրուցեց նրա հետ։

Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը լրագրողների հարցին՝ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, թե ոչ, պատասխանեց. «Սաղ սարքած է»։ 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին։

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Կարեն եւ Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Այսպիսով, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: