Շամիրամ գյուղում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել վեց տուժած անձ։ Այսօր՝ օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացիներից երեքին շտապբուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրանց տեղափոխել են Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Բժշկի խոսքով, երեք վիրավորները ունեցել վիրավորում կրծքավանդակի շրջանում, նրանց վիճակը եղել է ծանր։ Այս պահին Աշտարակի հիվանդանոցում են երեք վիրավորներ, որոնք տարբեր վիրավորումներ ունեն, նրանց վիճակը միջին ծանրության է։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին հիվանդանոցի մոտ ուժեղ հսկողություն է սահմանված, քաղաքացիներին դեռւս թույլ չեն տալիս մտնել հիվանդանոցի շենք։ Հիվանդանոցի բակում են հավաքված կրակոցներից տուժած քաղաքացիների հարազատները։
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում անհայտ անձը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահը եւ կրակել այնտեղ գտնվող անձանց վրա: Նախնական տեղեկություններով, այս պահի դրությամբ կա 3 զոհ եւ 6 վիրավոր:
Նշենք, որ Շամիրամը եզդիաբնակ գյուղ է, այս պահին իրավապահները դեպքի վայրում են, կասկածյալը որոնվում է: Մեր տեղեկություններով, իրավապահներին հայտնի է նրա ինքնությունը։











