Վարչապետ Կարեն Կարապետյանն Արմավիրում խորհրդակցության ժամանակ բարկացել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի վրա:
Վարչապետին բարկացրել է այն հանգամանքը, որ Ռուբեն Խլղաթյանը չի կարողացել հավուր պատշաճի ներկայացնել քաղաքի աղբահանության խնդիրը, ինչպես նաեւ այն, թե ինչքան գումար եւ ժամանակ է հարկավոր ժամանակակից ստանդարտներին համապատասխան աղբահանություն իրականացնելու համար:
«Աղբահանության, սանմաքրման խնդիրները, ինչ եք կարծում, կարեւո՞ր են քաղաքապետի համար: Ձեր քաղաքացիներն ակնկալո՞ւմ են դա ձեզանից: Այդ գործառույթը կատարելու համար երեք-չորս թիվ է ձեզնից պետք, որը դուք պետք է անգիր հիշեք: Եթե թվերը չեք հիշում, պրոբլեմն էլ համապատասխան ձեւով եք լուծում»,- քաղաքապետին է դիմել Կարեն Կարապետյանը:
Ռուբեն Խլղաթյանի դիտարկումը, թե հաշվարկել է հարկավոր, կարծես, ավելի է բարկացրել վարչապետին:
«Եթե հաշվարկ չունեք, ո՞նց եք էդ նպատակին հասնելու... բա ես ումի՞ց հարցնեմ, ասա՝ էդ մարդուց հարցնեմ, եթե Արմավիրի քաղաքապետը դու ես, Քո գործառույթի մեջ ա էդ քաղաքի մաքրությունն ապահովեք: Ձեզ ժողովուրդն ընտրել ա, որ կենցաղային պայմաններ ապահովեք, դա ձեր գործառույթն ա, ժողովուրդն ա ձեզ նման հանձնարարություն տվել»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Չնայած Արմավիրի քաղաքապետը, այնուամենայնիվ, թիվ նշեց, թե ինչքան գումար է հարկավոր, վարչապետը չհավատաց՝ կրկին պնդելով, որ Ռուբեն Խլղաթյանը հաշվարկ չի արել:











