Ճապոնական Տիբա նահանգի հարավ- արեւմուտքում, Կիսարազու կղզում, տեղադրել են ռոբոտ գայլ, որը պետք է վախեցնի տնային տնտեսություններին վնաս հասցնող վայրի կենդանիներին։

Ռոբոտը գրեթե նույն չափսերն ունի, ինչ մեծահասակ գայլը։ Super Monster Wolf կոչվող ռոբոտը մորթով է ծածկված, իսկ նրա բաց երախում երեւում են ժանիքները, հայտնում է The Japan News-ը։

 Ռոբոտը հայտնաբերում է մոտեցող վայրի կենդանիներին ինֆրակարմիր ճառագայթման հաղորդիչի օգնությամբ ու վախեցնում է դրանց՝ իր լուսարձակող աչքերով ու 18 տարբեր ձայներ արձակելով՝ այդ թվում գայլի ոռնոց, մարդկային ձայն ու կրակոցի ձայն։

Ռոբոտը տեղադրվել է հուլիսի 11-ին, որից հետո մոտակայքում վայրի կենդանիների կամ թռչունների որեւէ նշաններ չեն հայտնաբերվել։

Ռոբոտը մշակած Hokkaido ընկերությունը հայտնել է, որ սկսելու է ռոբոտի արտադրության պատվերներ ընդունել սեպտեմբերից։ Յուրաքանչյուր նմուշն արժենալու է մոտ 200 000 իեն։