Հայաստանում ծրագրվում է 14 դպրոցներ միավորել։ Այս մասին օգոստոսի 24-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ ըստ էության, նոր բան չի արվում։ «Գործընթացը սկսվել է գարնան վերջին եւ ամռան սկզբին։ Դպրոցները հիմնականում ենթակա են Երեւանի քաղաքապետարանին։ Մի քանի դպրոցների միայն անվանումն է մնացել, օրինակ՝ «Երեւանի՝ կույրերի երեկոյան միջնակարգ դպրոց», որտեղ, ըստ էության աշակերտներ չեն մնացել։ Մի քանի դպրոցներ գտնվում են միմյանցից մի քանի մետր հեռավորությամբ, մենք կխոշորացնենք դրանք»,- նշեց Լեւոն Մկրտչյանը։

Նախարարը հստակեցրեց, որ ավագ դպրոցների պարագայում պարզպես հնարավոր չէ հոսքային ուսուցում կիրառել, երբ առկա են 60-70 աշակերտներ։ «Մենք փորձել ենք նրանց մեկ խմբում միավորել այն դեպքում, երբ քաղաքների միջեւ հեռավորությունը մեծ չէ։ Դրանք այն դպրոցներն են որտեղ շատ բարդ է կրթության որակ ապահովել»,- ասաց Լեւոն Մկրտչյանը։

Նախարարի համաձայն՝ Երեւան քաղաքում կմիավորվեն 3 ավագ դպրոցներ եւ «Երեւանի՝ կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը»։