Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Շամիրամի սպանդի համար հետախուզվող Թելման Քալաշյանի ձերբակալությունից:

Նշենք, որ օգոստոսի լույս 25-ի գիշերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր եւ Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների եւ ԱԱԾ աշխատակիցների հետ, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Ջանֆիդա եւ Նալբանդյան գյուղերի միջնամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել ծանր հանացագործությունների մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում տեղի ունեցած արյունալի միջադեպը հասարակական հնչողություն էր ստացել եւ լայն քննարկման առարկա դարձել զանգվածային լրատվության միջոցներում ու համացանցում:

Օգոստոսի 1-ին, ժամը 10.45-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը մտել է սգո սրահ ու կրակ բացել հավաքվածների վրա:

Զոհեր ու վիրավորներ կային:

Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարվել էր կենցաղային հողի վրա, օգտագործվել էր «Սայգա» տիպի որսորդական հրացան:

Ոստիկանությունն արագ գործեց:

Շուտով հայտնի էր կասկածյալի ինքնությունը՝ 1967 թ. ծնված, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում հաշվառված Թելման Քալաշյանն էր, որը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Հարուցվեց քրեական գործ:

Հայտարարվեց հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ համագործակցելով այլ գերատեսչությունների հետ, հետեւողական օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Եվ համակարգված ու հետեւողական աշխատանքը հասավ սպասելի ավարտին:

Թելման Քալաշյանը կալանավորված է:

Նախաքննությունը շարունակվում է: