Հրազդանի Բարության պուրակում այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ընթացքում հանգանակված գումարն ամբողջությամբ տրամադրվելու է հրազդանցի 5-ամյա Անահիտի բուժմանը, որը տառապում է արյան քաղցկեղով: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Անահիտի մայրիկը՝ Նարինե Ադամյանը, հիվանդությունը երեխայի մոտ գլուխ է բարձրացել շուրջ մեկ ամիս առաջ, երբ հանկարծակի նկատել են, որ փոքրիկի որովայնը մեծանում է:

«Մտքերովս անգամ չէր կարող անցնել, թե նրա մոտ քաղցկեղ կհայտնաբերվի: Հուլիսի 15-ն էր, ես մի քանի օրով բացակայել էի տնից, երբ եկա, տեսա, որ փոքրիկիս փորիկը մինչեւ կրծքավանդակ, մեծացած է: Տարանք Հրազդանի ԲԿ, որտեղ սոնոգրաֆիա արեցին եւ մեզ շտապ ուղարկեցին Արաբկիր: Երկու օր հետազոտվելուց հետո ասացին, որ նորագորացություններ կան եւ որովայնում՝ հեղուկ: Տեղափոխեցին վիրաբուժական բաժանմունք եւ լապորոսկոպիկ բիոպսիա արեցին, որպեսզի հասկանան ուռուցքների բարորակ եւ չարորակ լինելը: Այդ ընթացքում մեզ ծանոթացրին Մուրացանի մանկական հիվանդանոցի արյունաբան Գեւորգ Թամամյանի հետ: Նա եկավ տեսավ երեխային, բիոպսիայից հետո վիճակը մի քիչ կայունացավ ու շտապ տեղափոխեցինք Մուրացանի մանկական հիվանդանոց»,-պատմեց Նարինե Ադամյանը:

Նարինեի հավաստմամբ, հիվանդանոցում կատարած հետազոտություններից հետո վերջնական ախտորոշումը՝ բերկետ լիմֆոմա է՝ քաղցկեղ, որը սկիզբ է առել ավշային հանգույցներից ու հիմա հասել է ձվարաններին, աղիներին ու ստոծանու տակ: Ըստ բժիշկների, երրորդ կարգի ագրեսիվ վիճակում են ուռուցքները, հիմա նրանք պայքարում են, որպեսզի չորրորդ աստիճանի չհասնեն.  «Փառք ենք տալիս Աստծուն, որ չորրորդ ստադիա չենք հասել, այսինքն չեն ախտահարվել ոսկորները, ողնուղեղն ու գլխուղեղը, այդ դեպքում կյանքի համար պայքարելը շատ դժվար կլիներ: Բժիշկը մեզ ասաց, որ ուռուցքներն այնքան շատ են, որ չեն կարող վիրահատություն անել, պիտի քիմիայի կուրսեր անցնի, որը պետք է չուշացնենք: Նախնական 6 կուրս պիտի անցնի, արդեն երկուսը անցել ենք, քիմիայից հետո վատ է լինում էրեխեն, նույնիսկ ուշաթափվել է»,-պատմեց Նարինեն:

Անահիտի մայրիկը նշեց՝ ճիշտ է, հիվանդանոցի բուժումն անվճար է, բայց քիմիայի համար նախատեսված դեղերի մեծ մասը ստիպված են գնել. «Ամեն շաբաթ մեկ կուրս անցնում ենք, մի կուրսի համար քիմիայի միայն դեղերը մոտ 300 000 դրամ արժեն, որից հետո հակաքիմիական բուժում է պետք, դեղեր, որոնք եւս մեծ գումար են կազմում: Ամուսինս աշխատում էր «ՀայՌուսԳազարդի» 5-րդ բլոկում, բաժնի պետի տեղակալ էր, նրան ազատել են աշխատանքից, հիմա ոչ ոք չի աշխատում, երեք անչափահաս երեխեքի հետ ու չգիտեմ, թե ոնց ենք այս ամեն հարցերը լուծելու»,-նշեց Նարինեն:

Այսօր Անահիտը բնականոն կյանք վերադառնալու համար կռիվ է տալիս ու նրան աջակցելու համար Հրազդանի քաղաքացի Մոնթե Մաթեւոսյանը ընկերների հետ համատեղ կազմակերպել էր բարեգործական համերգ. «Ես շնորհակալ եմ բոլորին ու դիմում եմ բոլորին՝ խնդրելով օգնել, որպեսզի Անահիտը բուժվի: Նա ամեն ինչ հասկանում է, դեղերի անվանումները, ժամերը, պայքարում է ու հավատում, որ կբուժվի»:

Փոքրիկ Անահիտին օգնելու համար «Անելիք» բանկում բացվել է հաշվեհամար՝ 11816005728700 Հաշվետեր՝ Ադամյան Նարինե Մարտիրոսի, կարող եք նաեւ զանգահարել այս  հեռախոսահամարով՝ 093030566: