Վարչապետի կյանքի կոչած «բարեփոխման»՝ դպրոցների լուծարման հետեւանքով Երեւանի հինգ դպրոցում ուսումնական տարին դիմավորել են փակ դռներով։ Դատարկված շենքերի ճակատագիրը դեռ հայտնի չէ։ Ուսումնական տարին ոչ բոլորն են աշխատանքով սկսել կամ վատ եւ վատագույն երկընտրանքի առջեւ կանգնել։ «Ավելորդ» հաստիքներ զբաղեցնողներին տնօրենները փորձում են ամեն կերպ գործի տեղավորել, թերեւս վարչապետի բարեփոխման դեմ բողոքները կանխելու նկրտումով, բայց առաջարկվող դասաժամերի քանակը հուսադրող չէ։ Ենթադրում է նվազագույն աշխատավարձից էլ կիսով չափ պակաս վարձատրություն, ինչից հրաժարվել են որոշ ուսուցիչներ՝ նախընտրելով գործազրկությունը։

Այսպիսին է իրավիճակը Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում, որին  միավորվել է 43 դպրոցը, իսկ տնօրենի պաշտոնը ստանձնելու է 16-ի տնօրեն, ՀՀԿ-ական Անահիտ Կիրակոսյանը։ Լուծարված 43 դպրոցի տնօրեն Մանյակ Ազիզյանին անգամ չի օգնել կուսակցական պատկանելությունը, նա էլ է ՀՀԿ-ական, բայց ապագան՝ անորոշ։ Թերեւս այս հանգամանքից նեղսրտած՝ լրագրողի հետ զրուցելու սիրտ չուներ։ Հրաժարվեց որեւէ խոոսք ասել։ Չնայած ճոխ տոնական տեսքին՝  լուսանկարվել չցանկացավ, ավելին՝ Մանյակ Ազիզյանն անգամ արգելեց համացանցում հրապարկված իր լուսանկարներից օգտվել։ Փոխարենը NEWS.am-ի հետ զրուցելու պատրաստակամություն հայտնեց Անահիտ Կիրակոսյանը, որը ուսուցիչների հետ միասին քննարկում էր նրանց գլխի գալիքը։ Այս դպրոցից արդեն իսկ երկու ուսուցչուհի նախընտրել են կրճատվել, քան 25-30 հազար դրամով աշխատել։ «Հաստիքների կրճատման հետ կապված խնդիրը բնական է, բայց ես պարտավորվում եմ ասել, իմ ղեկավարության մոտ էլ եմ ասել, որ հնարավորության սահմաններում ամենամաքսիմալ ձեւով բոլորին տեղավորել աշխատանքի՝ դիմելով ուսուցիչների ողջախոհությանը, որ նրանք հասկանան, որ եթե բոլորս գալիս ենք աշխատանքի, ուրեմն կլինեն շատ քիչ քանակով ծանրաբեռնված ուսուցիչներ, հետեւաբար ուսուցիչը ինքը պիտի որոշում կայացնի։ Վերջիվերջո կլինեն ուսուցիչներ, որոնք կասեն այս ժամաքանակով այստեղ աշխատելը ինձ ձեռնտու չէ»,-ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այդպիսի երկու որոշում արդեն ունեն։ Իսկ առհասարակ մինչեւ տասը հոգու կրճատումն անխուսափելի է, իսկ վարչական աշխատակիցների խնդիրն անլուծելի է։

«Նվազագույնով ապահովելու եմ բոլորին, խոսում եմ առանձին-առանձին բոլորի հետ, որոշումը կայացնում է ուսուցիչը։ Երկու ուսուցիչ կայացրել է որոշում, որ չշարունակի աշխատել, քանի որ առկա դասաժամի քանակը շատ քիչ է եղել՝ 25-ից 30 հազար դրամ»։ Հարցին՝ արդյոք կրճատումների խնդիրը չի լուծվի հօգուտ իր իսկ ներկայիս ղեկավարած դպրոցի աշխատակազմի, պատասխանեց․ «Իմ կոլեկտիվը ինձանից նեղացել է, որ ես առաջնահերթությունը տվել եմ նրանց, քան մեզ։ Մի գուցե բառը ճիշտ չասացի, բայց ուզում եմ ասել՝ ես ավելի շատ շահագրգիռ եմ, որ նրանց չվնասեմ, որովհետեւ ես գնում եմ մի դպրոց, որտեղ աշակերտ թվով աշխատում են»։ Ինչ վերաբերում է վերամիավորված դպրոցների տնօրենի ղեկավարի ընտրությանը, ապա վստահեցրեց՝ կանոնակարգով է որոշվել, քանի որ թիվ 16 դպրոցն է լինելու իրավահաջորդը, այդ պատճառով էլ ինքն է շարունակելու տնօրենի գործառույթը։

Այցելեցինք նաեւ Նորագյուղի թիվ 81 եւ Կոնդի թիվ 23 լուծարված դպրոցները, որտեղ մեզ դիմավորող չեղավ։ Դպրոցների փակվելու ահազանգը հասել էր տարածքի բնակիչներին։ Մեզ հասցեներն հուշելու փոխարեն տեղեկացնում էին, որ այդ դպրոցներն այս տարվանից փակվել են։

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ հանրապետությունում լուծարվել են 13 դպրոց, որից հինգը Երեւանում․ էրեբունի վարչական շրջանում գտնվող Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43, Կենտրոն վարչական շրջանում գտնվող Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 41, Կոնդի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23, Կենտրոն վարչական շրջանում գտնվող (Նորագյուղ) թիվ 81 եւ կույրերի դպրոցները։