ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մեկնարկել է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը «Անվտանգ Հայաստան» խորագրով:  Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ ցուցահանդեսը նվիրված է աղետների ռիսկի կառավարման ներկա զարգացումներին: 

«Աղետների ռիսկի կառավարման ազգային մակարդակում մենք սահմանել ենք  նպատակներ եւ խնդիրներ, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում, որոշումներում: Ակնկալում ենք, որ ցուցահանդեսը մեծապես կնպաստի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համընդհանուր ջանքերով իրականացմանը` խթանելով պետություն-մասնավոր սեկտոր, պետություն-հասարակական կազմակերպություններ, պետություն-ապահովագրական ընկերություններ կապի ամրապնդման եւ համագործակցության ընդլայնմանը միաժամանակ ապահովելով ներդրումներ աղետների ռիսկի նվազեցման նպատակով»,-ասել է նախարարը:

Նրա խոսքով՝  ցուցահանդեսի նպատակների թվում է նաեւ Հայաստանի փրկարարական ծառայության արդիականացման եւ տեխնիկական վերազինման հարցերում օժանդակությունը:

Ցուցահանդեսին ներկայացվել են աղետների ռիսկերի նվազեցման եւ դրանց հետեւանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:

Միջոցառման գործնական ծրագրի շրջանակներում կանցկացվեն երկօրյա գիտաժողովներ` նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման, հրդեհային անվտանգության ապահովման, աղետների մարտահրավերների դեմ պատրաստվածության թեմաներին: Նախատեսված են նաեւ քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների եւ արտադրական վտանգավոր օբյեկտների միջեւ` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության եւ տարածքների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրներին, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրության անհրաժեշտությանը եւ այլ թեմաների: Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 2-4-ը: