«Ելք» դաշինքը մինչեւ շաբաթվա վերջ կձեւակերպի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու պահանջը եւ կներկայացնի հանրության դատին։ Թե որքանով է հարցն արդիական եւ դրա իրագործումը հնարավոր, NEWS.am-ի հետ հարցազրույցում մանրամասնել է դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
-Պարոն Սարգսյան, քաղաքական աշունը «Ելք»-ը սկսելու է Հայաստանի ԵՏՄ-ից դուրս գալու օրակարգով։ Քաղաքագետ Սուրեն Զոլյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ հայտարարել էր, որ դա ներքին խնդիրներից շեղելու համար է եւ նաեւ իշխանությունների օգտին կարող է լինել։ Որքանո՞վ է արդիական այս փուլում այդ օրակարգը։
Մեր կարծիքով՝ ՀՀ առկա խնդիրների մեծ մասը հենց ԵՏՄ-ին անդամակցելու հետեւանք է։ Թե ինչով է արդիական, ասեմ․ իմ գործընկեր Էդմոն Մարուքյանի հայատարարությունից հետո պարզ դարձավ, որ արդիական է, որովհետեւ դրանից հետո թե հանրային շփումների, թե լրագրողական հարցադրումների մակարդակում համար մեկ հարցն է։ Հանրային ենթագիտակցության ու քաղաքական օրակարգում այդ հարցը կա, եւ համար մեկ հարցն է։ Ինչ վերաբերում է իշխանություններին ձեռնտու լինելուն, դա շպիոնամանիայի տեսանկյունից է, «ԵԼՔ»-ին շատ մեղքերի մեջ են մեղադրում, շատ մարդիկ էդպես են ուզում տեսնել, դա իրենց իրավունքն է։ Ես հակված էլ չեմ, որ բոլորը մեզ լավ տրամադրված լինեն։ Վերջիվերջո մենք դերասաններ ու նկարիչներ չենք, ճիշտ քաղաքական գործիչը պիտի 60-65 տոկոսից ավել համակիրներ չունենա։ 35-40 տոկոսը կամ մի քիչ ավելին կարող է մեր հանդեպ վատ տրամադրված լինել եւ հետին մտքեր տեսնել։ Կան մարդիկ, որ մեր օրակարգը կապում են օտարերկրյա կառույցների հետ, թողնում եմ իրենց խղճին ու տրամաբանությանը։ ԵՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ անելիքների մասով «Ելք» դաշինքում քննարկումներ են ընթանում։
Դաշինքում այդ հարցի հետ կապված միասնական դիրքորոշում դեռ չկա, ինչո՞վ է պայմանավորված։
Չկա նման բան, որ միասնական դիրքորոշում չկա, դա էլ հանրային կարծիքի կամ լրատվական դաշտի հնարքներից է։ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ «Ելքը» եվրոպական մոդելի պետություն է ուզում կառուցել։ Հանրապետականի ծրագրում չկա նման բան, կամ ուրիշ ոչ մի կուսակցության։ «Ելք»-ի ծրագրում գրված է, որ դաշինքի անդամ կուսակցությունները միանշանակ սխալ են համարում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Այսինքն, սա մեզ քվե տված մարդկանց ներկայացրած մոտեցումն է, որին շատ լուրջ ենք վերաբերում, մենք աշխատում ենք մեզ 120 հազար քվե տված մարդկանց չհուսահատեցնել, պարտավոր ենք երկար քննարկել ու հստակ ներկայացնել՝ ինչ ենք առաջարկում։
Հասարակությունից եւ քաղաքական ուժերից աջակցություն ակնկալո՞ւմ եք, շատերը դրա իրագործումը անհնար են համարում։
Մենք աջակցությունը տեսել ենք մեզ տված քվեով, քարոզարշավին մասնակցել ենք այդ ծրագրով եւ ներկայացրել, որ էսպիսի պետություն ենք ուզում, ու էս քայլերն ենք անում։ Մենք ասել ենք, որ ԵՏՄ մտնելը համարում ենք սխալ եւ մենք նայելու ենք ԵՏՄ մտնելուց մինչ այսօր ՀՀ-ում տեղ գտած իրավիճակը եւ դրա հետեւանքը, ինչպես նաեւ անդրադառնալու ենք հարգարժան Սուրեն Զոլյանի այն մտահոգությանը, որ ավելի կարեւոր հարցեր կան։ Մենք տեսնում ենք, որ տնտեսության բնագավառում ներդրումների ծավալը պակասել է, գործող վարչապետը, ռուսական բազայի վրա հենք ստեղծելով, խոստանում էր 850 միլիոն ներդրում, բայց այսօր խոսքը 36 միլիոն ներդրման մասին է։ Մենք գնահատելու ենք բոլոր բնագավառներում իրավիճակը՝ թե ձեռքբերումների, թե կորուստների առումով, եւ հստակ դիրքորոշում ենք ասելու, հետեւաբար նաեւ առաջարկություն ենք անելու ու ասելու՝ ինչ քայլեր ենք ակնկալում։ Երբ որ կգանք հետեւության, արդեն կարող եմ պատասխանել Ձեր հարցին։ Մենք հիմա քննարկման փուլում ենք։
Ձեր նախաձեռնությանը զուգահեռ սկսվելու է իշխանության վերաձեւավորման փուլը։ «Ելք»-ը ինչ ծրագրեր ունի այս մասով եւ պատրա՞ստ եք այդ գործընթացը տապալելու ուղղությամբ քայլեր անել ։
«Ելք»-ը երեք կուսակցությունների դաշինք է, եւ մենք շատ լուրջ ենք մոտենում մեր ներկային ու ապագային։ Այդ առումով պարտավոր ենք ասել էն տեսակետները, որոնք մինչեւ վերջ կշռադատել ենք ու վերջնական պատասխան ունենք։ Մենք չենք կարող ենթադրությունների վրա տեսակետ ասել։ Մենք չենք կարող ասել՝ այ, մենք գնահատում ենք, որ այս իրավիճակում չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը իր թեկնածությունը դնի ու դառնա վարչապետ, երբ որ դնի, նոր կասենք՝ ինչ լուծումներ ենք տեսնում։
Ամեն դեպքում, դաշինքը չի՞ ուրվագծել՝ որ դեպքում ինչ կանի։
Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, ես երբ Արցախի Ազգային ժողովում էինք, ասել եմ, որ դա հակաժողովրդական է եւ վտանգներ է պարունակում։ Իշխանության վերարտադրությունը լուրջ վնասներ է հասցնելու թե ՀՀ ինքնիշխանությանը, թե Ղարաբաղի հարցի լուծմանը։ Սերժ Սարգսյանը պարտավոր է նաեւ իմ տեսակետը՝ որպես «Ելք» դաշինքի պատգամավորի, կամ ինչպես ինքն է ասում՝ իր ընկեր Վազգեն Սարգսյանի եղբոր տեսակետը, ինչ-որ կերպ իր մեջ քննարկել։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, որ իրեն միակ տղամարդն էր համարում ու անփոխարինելի, երրորդ ժամկետի չգնաց, որովհետեւ հասկացավ, որ դա լուրջ վտանգներ է սպառնում։
Արդյոք ճիշտ չէր լինի, որ ձեր դաշինքը կենտրոնանար հենց Ձեր մատնանշած վտանգների ու սպառնալիքների վրա, քան ԵՏՄ-ից դուրս գալու։
ԵՏՄ-ն իր բարքերը բերում է Հայաստան, ԵՏՄ-ի ներքաղաքական վատ ազդեցության հետեւանքն էլ նաեւ դա է։ ԵՏՄ-ից դուրս գալու մեր դաշինքի մոտեցումը նաեւ դրանով է ձեւավորված, որ ԵՏՄ անդամ երկրներում իշխանությունը չի փոխվում։ Այսինքն՝ դրանք փոխկապակցված են։
Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հետ կապված միասնական մոտեցում կա՞ «Ելք»-ում, օրինակ, Սասուն Միքայելյանը դեմ չէ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի։
Սասուն Միքայելյանն ասաց, որ դա իր անձնական տեսակետն է։ «Ելք» դաշինքում որոշումները ընդունվում են կոնսենսուսով։ Ուրիշ որեւէ մեկը նման տեսակետով հանդես չի եկել։ Թե Էդմոն Մարուքյանը, թե ես, թե Նիկոլ Փաշինյանը սեփական տեսակետ հայտնել ենք, որ գոնե ժողովրդավարության առումով այն համարում ենք սխալ։ Չկա տարբերակ, որ չի քննարկվում։
Դուք ունե՞ք վարչապետի թեկնածու, պատրաստվո՞ւմ եք առաջադրել։
Թող գա ժամանակը՝ կերեւա։ Ակնհայտ է, որ այս խորհրդարանի պայմաններում, երբ Հանրապետականը Դաշնակցության հետ միասին որոշիչ քվե ունի, այս պայմաններում ակնկալել, որ այդ խորհրդարանում փոփոխություն կլինի ու մեր առաջադրած թեկնածուի օգտին քվեարկություն կլինի, այդպես չէ, բայց արժի թեկնածու առաջադրել, որ ներկայացնի ծրագիր, որը հստակ տարբերվի ՀՀԿ-ի ծրագրից, որ մեր տեսլականը տարբերվում է ԱԺ-ում եղած բոլոր կուսակցությունների մոտեցումներից։
Պարոն Սարգսյան, շատերն են սպասում՝ «Ելք» դաշինքը երբ է դառնալու մեկ կուսակցություն, ինչն ամրագրվել է նախընտրական ծրագրում, խոչընդոտներ կա՞ն, ինչո՞ւ է ձգձգվում։
Խնդիրը սպասելու մեջ չի, նախընտրական շրջանը տարավ նրան, որ թիմերը ավելի մերձ դարձան, շփումները վերածվեցին ընկերական հարաբերությունների։ «Ելք» դաշինքի շրջապատում վերջին քեֆում ինձ շատ հարմար էի զգում ու խոստովանեցի, որ վերջին շրջանում ինձ համար ամենահաճելի սեղանն է, անձամբ ինձ համար ավելի մեծ ձեռքբերում է, քան մեկ կուսակցություն դառնալը։ Այս առումով համագործակցությունը շատ լավ է, բայց մի քանի կուսակցության միավորվելը, մեկ կուսակցություն դառնալը, այն էլ խորհրդարան մտած կուսակցությունների համար, Հայաստանի պատմութան մեջ չի եղել։ Չկա նախկինի փորձը, որից դասեր վերցնես, հետեւաբար այս խնդիրը նուրբ խնդիր է, պիտի շատ զգույշ մոտենալ։ Օրինակ, մեր թիմը ավելի տարեց է, ամեն կուսակցություն իր ներհոսքի խնդիր ունի եւ այդ ներհոսքի մեջ յուրաքանչյուրը փորձում է սեփական շահերն ունենալ, իհարկե այս ամեն ինչը համադրելու հնարավորություններ ու տարբերակներ կան, որոնք քննարկումների արդյունքում կարող են պարզ դառնալ ու խնդիրը դյուրացնել։
Հնարավո՞ր է քննարկումների արդյունքում եզրահանգեք, որ նպատակահարմար չէ մեկ կուսակցություն դառնալու գաղափարը կյանքի կոչել։
Չէի ուզենա այդպես մտածել, համենայնդեպս իմ կարծիքով քիչ հավանական է նման տարբերակը, որովհետեւ դաշինքի երեք կուսակցություննրն էլ տեսնում են, որ համատեղ գործունեությունը արդյունք տալիս է։











