Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի քրիստոնյաների եւ կրոնական այլ փոքրամասնությունների ավանդապահության (Վակֆ) հարցերի քարտուղարության ղեկավար Ռաադ Ջալիլ Ջիրջիս Քաչաչին եւ Իրաքի քրիստոնյա հոգեւոր առաջնորդներին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը բազմիցս է միջազգային հարթակներում դատապարտել ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականցվող բռնությունները, բարձրաձայնել Իրաքում եւ մերձավորարեւելյան այլ երկրներում ազգային ու կրոնական, ներառյալ քրիստոնեական փոքրամասնությունների առջեւ ծառացած հիմնախնդիրները եւ իր նպաստն է բերում նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերին:
Այս համատեքստում արտգործնախարարը կարեւորեց տարածաշրջանի հինավուրց համայնքներից մեկի` իրաքահայության, նրա մշակութային, կրոնական ու համայնքային հաստատությունների պահպանությունը: Նա բարձր գնահատեց կենտրոնական ու շրջանային իշխանությունների արժեքավոր օժանդակությունը Քիրքուկում եւ Էրբիլում հայկական եկեղեցիների կառուցմանը:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Իրաքի տարածքի մեծ մասը ԴԱԵՇ-ից ազատագրելու կապակցությամբ՝ ընդգծելով դրա էական նշանակությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերահաստատման գործում:
Իրաքի Վակֆի քարտուղարության ղեկավարը եւ իրաքյան կրոնական փոքրամասնությունների առաջնորդներն անդրադարձան երկրում տիրող իրավիճակին, ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների կողմից իրականացվող բարբարոսություններին, համայնքներին հուզող խնդիրներին, իրաքյան կառավարության եւ միջազգային հանրության կողմից դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։
Զրուցակիցները կարեւորեցին տարածաշրջանի ազգային ու կրոնական ժառանգության պահպանումը եւ հանդուրժողականության ու համակեցության ավանդույթների վերականգնումը:











