«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը դեմ է հարեւանային իրավունքի ներդրմանը, քանի որ դա հանգեցնելու է «մարդասպանության, մեծ կռիվների ու պատմությունների»:
«Չեմ ուզում որեւէ գյուղացու նեղացնել, բայց պատկերացրեք՝ հարեւանը զանգում, ասում է՝ եթե ծառերը մինչեւ առավոտ չկտրես, ես եմ կտրելու ու հաջորդ օրը գալիս, կտրում է, ինչը կհանգեցնի մարդասպանության: Այս իրավունքի ներդրմամբ կենցաղային վեճեր են լինելու, մեծ կռիվներ»,- այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Նա հորդորեց գերմանացիների պատկերացրած հարեւանությունը չհամեմատել հայկականի հետ:
«Էսպես որ լինի, հայրենի Կառավարությունն իրավական կարգավորումների է ենթարկելու ընկերների, քավոր սանիկների փոխհարաբերությունները, ամուսնության հաջորդ օրվա առավոտյան նախապատրաստվող գործողությունը»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքում ներդնել հարևանային իրավունքը, որը կարգավորելու է հարևանային հարաբերությունների բնագավառում առկա բազմաթիվ վեճեր, խախտումներ և անորոշ իրավիճակներ: Նախագծով հստակեցվում է հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղների նկատմամբ սեփականության հարցը, հարևան տարածքից արմատների և ճյուղերի անցումը այլ հողամաս:











