Օդեսայի քաղաքապետարանի շենքի մոտ են այսօր հավաքվել երեխաների ծնողները, որոնք հանգստանում էին նախօրեին հրդեհված «Վիկտորիա» սպորտային ճամբարում, ինչպես նաեւ հասարակական ակտիվիստներ: Նրանք հանդիպում են պահանջել քաղաքապետ Գենադի Տրուխանովի հետ, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:
Նշվում է, որ քաղաքապետարանի մոտ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել: Երբ նրանք փորձել են քաղաքապետարանի շենք մտնել, քաշքշուկ է սկսվել քաղաքապետարանի պահպանության ծառայության աշխատակիցների հետ: Շենքը գրոհելու մի քանի փորձից հետո ոստիկանները նրանց դեմ գազ են կիրառել, որից հետո բազմությանը քաղաքապետարանի շենքից հեռացրել են: Ավելի ուշ շենքի մոտ լուսաձայնայի նռնակ է պայթել:
«Վիկտորիա» մանկական ճամբարում հրդեհը սկսվել է շաբաթ գիշերը: Այնտեղ մոտ 150 երեխա է եղել, այրված մասնաշենքում՝ 42 երեխա, որոնցից երեքը զոհվել են:











