Հայկական Expper սթարթ-ափը ցանկանում է մարդու կերպարով եւ նմանությամբ մարմին ու զգացումներ ունեցող ռոբոտներ թողարկել:

Հիմա ընկերությունն ուսումնական ռոբոտներ է ստեղծում աշակերտների եւ ուսանողների համար: Նախկինում դրանք կարելի էր ծրագրավորել շարժվելու համար: Հիմա դրանք սովորել են լսել եւ նույնիսկ խոսել: Այս մոդելները ներկայացվել են Երեւանում կայացած DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսում:

Ռոբոտը «go ahead» եւ «come back» բառերը լսելիս առաջ է սահում եւ վերադառնում: Նրան հունից չի հանի նույնիսկ գլոբալացման նենգ հարցը՝ «Where are you from?» (իհարկե, ռոբոտն առայժմ միայն անգլերեն է հասկանում):

Մի փոքր «մտածելով»՝ նա պատասխանում է. «Բարդ հարց է: Իմ աչքերը Չինաստանից են, ուղեղը՝ Բրիտանիայից: Բայց իմ ծնողները Հայաստանից են, եւ ես ինձ հայ եմ զգում»:

Այս ռոբոտների դիզայնն առայժմ նվազագույն մակարդակ ունի, որ աշակերտներն ինքնուրույն կարողանան հավաքել եւ քանդել, ըստ որում՝ տարբեր համակցություններով:

Սակայն հիմա ընկերությունը ցանկանում է նաեւ մարդկային մարմնով եւ նույնիսկ դեմքով ծառայողական ռոբոտներ հավաքել: Մարդկանցից շատերը չեն սիրում հենց ռոբոտների դեմք չունենալը: «Իսկ մենք ցանկանում ենք, որ ռոբոտը կարողանա ժպտալ, կարոտել, սպասելու պատրաստ լինի»,- ասում է Expper հիմնադիրներից մեկը՝ ինժեներ ռոբոտատեխնիկ Կարեն Խաչիկյանը:

21-րդ դարի գիտությունն առայժմ անզոր է սա մարդկանց սովորեցնել: Սակայն ռոբոտներին սովորեցնելն ավելի հեշտ է, քանի որ նրանք չեն կարողանում խաբել եւ ալգորիթմին լսում են (համենայնդեպս՝ առայժմ):

«Մեր ռոբոտները կարելի է կիրառել ապրանքների շնորհանդեսներին եւ պրոմո ակցիաների ժամանակ: Կամ նունիսկ որպես տարեց եւ հիվանդ մարդկանց օգնականներ: Նրանք կհիշեցնեն, թե երբ դեղը խմեն կամ նույնիսկ իրենք այն կբերեն»,- նշեց Խաչիկյանը:

Հայկական Expper-ը ցանկանում է ռոբոտի մոտ ամեն ինչ ստեղծել՝ ոչ միայն ալգորիթմ, այլ նաեւ դիզայն, իսկ կատարյալ լինելու դեպքում՝ նույնիսկ մեխանիկա եւ իրան: Եթե Հայաստանում «հայրիկ Կարլո» գտնվի, որը բարեխղճորեն նոր «Բուրատինոյի» համար ձեռքեր, ոտքեր եւ քիթ (թող թեկուզ ոչ այնքան երկար) տաշի, նրան սիրով կդիմեն:

Ռոբոտի նախատիպն արդեն գոյություն ունի, նրա ալգորիթմն ու դիզայնը գրեթե պատրաստ են: «Հիմա մենք ցանկանում ենք դրանք կատարելագործել եւ ներդրողների ենք փնտրում: Եթե անգամ չգտնենք, միեւնույն է՝ մեր ցանկությանը կհասնենք, դա ժամանակի հարց է: Սական չուշանալու համար, մենք հնարավոր ցանկացած գործընկեր ենք փնտրում՝ ե՛ւ crowdfunding հարթակներում, եւ վենչուրային հիմնադրամներում»,- հավելեց Խաչիկյանը: