Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի նորանշանակ տնօրեն Եվգինե Եսայանն այսօր դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ։ Ուսուցչական կոլեկտիվը նրան դիմավորեց բողոքի ցույցով։ Նրանք պնդում են՝ Եվգինե Եսայանը նշանակվել է անօրինական եւ ամեն ինչ անելու են, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը չեղյալ համարի ապօրինի նշանակումը եւ մրցույթ հայտարարի։
Եվգինե Եսայանը Լեւոն Մկրտչյանի խորհրդական, ԿԳ նախկին փոխնախարար, դաշնակցական Բագրատ Եսայանի կինն է։ Նա դպրոցի մրցույթում ներկայացված երեք թեկնածուներից մեկն է։ Վերջինիս մրցակից թեկնածուն դպրոցի նախկին տնօրենի դուստրն է՝ Հայարփի Մինասյանը, մյուս թեկնածուն Մարինե Աղաջանյանն է։
Դեռեւս հունվարից տնօրենի թափուր հաստիքի մրցույթ չի հաջողվել կազմակերպել, քանի որ ըստ ուսուցիչների, նախարարությունը դիտավորյալ տապալել է։ Քվորում չեն կարողացել ապահովել նախարարության ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ Ըստ ուսուցիչների՝ գիտակցելով, որ ուսուցչական կոլեկտիվը հակված է Հայարփի Մինասյանի թեկնածությանը, նախարարությունը չորս անգամ նախապես նշանակված մրցույթին ներկայացուցիչ չի ուղարկել։ Ըստ կարգի՝ երկու անգամ տապալվելուց հետո նախարարությունը լիազորվում է առաջադրված թեկնածուներից մեկին ուղիղ նշանակել տնօրենի պաշտոնում։ Ահա եւ նախարարության ընտրությունը երեք թեկնածուից անվերապահորեն կանգ է առել նախարարի խորհրդական Բագրատ Եսայանի կնոջ վրա։ Այս որոշմանը դեմ են գրեթե բոլորը եւ 53 ստորագրությամբ բողոք են ներկայացրել դատարան։ Դատական նիստը նոյեմբերին է նշանակված, սակայն նորանշանակը փորձում է ստանձնել իր լիազորությունները մինչ այդ։
Ուսուցիչներն էլ NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեցին, որ թեկնածուի անձի դեմ որեւէ բողոք չունեն, պայքարում են իրենց ընտրելու իրավունքը ոտնահարելու դեմ եւ թույլ չեն տա՝ «նախարարի ընտրյալը» աշխատի, քանի դեռ մրցույթ չի հայտարարվել։ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, որը նախարարության մի քանի աշխատակիցների ու ոստիկանների հետ միասին ուղեկցում էր Եվգինե Եսայանին, մեզ հետ զրույցում պնդեց, որ նշանակումը օրենքով սահմանված կարգով է եղել, եւ բողոքը հրահրված է մի քանի հոգու կողմից։ «Ամեն ինչ տեղի է ունեցել սահմանված կարգի համաձայն, մյուս կողմը՝ նախկին տնօրենի աղջիկը, բողոքարկել է դատական կարգով, սպասում ենք վճռին։ Ըստ կարգի՝ եթե երկու անգամ քվորում չի ապահովվում, երրորդ անգամ արդեն նախարարը կարող է նշանակել թեկնածուներից որեւէ մեկին»,–ասաց Աշոտ Արշակյանը։
Մեր հարցին՝ ինչո՞ւ նախարարի ընտրությունը կանգ առավ հենց իր կուսակից խորհրդականի կնոջ թեկնածության վրա, ինչո՞վ էր նա առավել մյուս երկու թեկնածուից, Արշակյանը պատասխանեց. «Լիազոր մարմինը, ուսումնասիրելով երեք թեկնածուների գործոնը, ընտրում է նրանցից մեկին, նախարարը հաշվի է առել տիկին Եսայանի փորձառությունը այս ոլորտում։ Նախարարը ներկայացնում է թեկնածուին՝ հաշվի առնելով աշխատանքային փորձը»։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝ յուրայինի վրա թեկնածությունը կանգ է առել նախ նախարարության լիազոր մարմնի որոշմամբ, իսկ հետո՝ նախարարի։ Եթե ամեն ինչ տեղի է ունեցել օրենսդրական դրույթներով եւ ոչ թե յուրայինի օգտին նախարարության լծակների գործադրմամբ, այդ դեպքում ինչու է նախարարի ընտրյալը դպրոց այցելել ոստիկանների ուղեկցությամբ։ «Այսօր խոչընդոտվեց մեր աշխատանքները, մենք դրա համար եկանք, աշխատանքները խոչընդոտելու մասին հայտարարություն կտանք ոստիկանություն»,–ուսուցիչներին սպառնաց Արշակյանը։
Վերջինիս ուղեկցությամբ դպրոցը լքած տիկին Եսայանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, թե կաշկանդված չէ ուսուցիչների նման ընդունելությունից, կշարունակի աշխատել , առայժմ սպասում է դատարանի որոշմանը։ «Իմ դեմ անձամբ ոչինչ չունեն։ Նրանք ասում են՝ արդար չի եղել, ես էլի եմ կրկնում իմ դեմ կոլեկտիվը ասել է՝ ոչինչ չունի, եթե բողոք ունեն կարգի դեմ դատարան են դիմել»,–ասաց նա։ Ողջ ուսուցչական կոլեկտիվի դիմադրությամբ տնօրենի պաշտոնը ստանձնած Եսայանը խուսափեց նշել, թե այս աղմկահարույց պատմության մեջ ինչ դերակատարում ունի դաշնակցական ամուսնու գործոնը. «Չեմ պատրաստվում մեկնաբանել, ի՞նչ գործ ունեք իմ ամուսնուց»,–վրդովված նետեց Եվգինե Եսայանն ու հեռացավ ոստիկանների ուղեկցությամբ։ Ուսուցիչները նախարարությունից գործուղված խմբին ճանապարհեցին ամոթանք–վանկարկումներով։











