«Ուրալյան ավիաուղիներ»–ի ուղեւորին հանել են չվերթից բորտուղեկցորդուհու հետ վիճելու պատճառով։ Վեճի պատճառով չվերթը 2 ժամով հետաձգել են։ Միջադեպը տեղի է ունեցել Դոնի Ռոստով-Երեւան U62631 չվերթի ժամանակ, հայտնում է URA.RU–ն։
Ավիաընկերությունից հայտնում են, որ օդանավը չի մեկնել, քանի որ տղամարդը հարբած է եղել։ Վեճի ականատեսները հակառակն են պնդում։
«Դուրս գալու մասին պահանջը սկզբում միայն բանավոր էր. բորտուղեկցորդուհին ասաց՝ տոմսը ցու՛յց տվեք, նա ցույց չտվեց, խնդրեց փոխել տեղը, նա էլ հրաժարվեց։ Բոլորը լսել են նրանց խոսակցությունը։ Ուղեւորը խնդրեց հիմնավորել օդանավը լքելու նման կոպիտ պահանջը, եւ 40 րոպե անց արձանագրություն կազմեցին, որն ուղղակի ապշեցրեց մեզ։ Նրանում ասվում էր, որ ոչ սթափ վիճակում գտնվող մարդը խանգարում էր անձնակազմին։ Մենք արձանագրության հակառակ երեսին գրեցինք մեր պահանջը, եւ 18 ուղեւոր հասցրեց ստորագրել այն»,– ասել է ուղեւորուհիներից մեկը։
«Դոնի Ռոստովում վայրէջքի ժամանակ վթարային ելքի մոտ նստած ուղեւորը ոչ սթափ վիճակում է եղել։ Թռիչքի անվտանգության ապահովման պահանջներին համապատասխան՝ ոչ սթափ վիճակում գտնվող ուղեւորներին արգելվում է նստել վթարային ելքի մոտ։ Տեղափոխվելու կարգադրությունը ուղեւորն անտեսել է, որից հետո անձնակազմը որոշել է հայտնել Դոնի Ռոստովի օդանավակայանի ոստիկանություն եւ օդանավը վերադարձնել։ Օդանավ է բարձրացել ոստիկանական վերակարգ»,– հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Ուղեւոր Արմեն Մելիքյանին տուգանել են 500 ռուբլով։ Գործով նյութերն ուղարկել են Ռոստրանսնադզոր։











