Ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բանակում ճիշտ չի կատարվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ հարց ուղղելով ՊՆախարար Վիգեն Սարգսյանին՝ արդյոք հնարավոր չէ բանակի դրամական բավարարումը իրային բավարարմամբ փոխարինվի:
«Չեք կարծո՞ւմ, որ դրամական բավարարումը պետք է իրային բավարարմամբ փոխարինվի՝ դրանով կտնտեսվի ֆինանսական ռեսուրսը եւ կբարձրանա արդյունավետությունը: Հարեւան վաճառակետերից զինվորները շատ ավելի բարձր գնով են գնում կարծում եմ ինչ-որ գնում են, Աստված գիտի, թե ինչ որակի պարագաներ: Չեք տեսնո՞ւմ վտանգ, որ գումարը, որը զինծառայողներին է տրամադրվում՝ նպատակային չի ծախսվում»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ զինծառայողի ապահավումը եւ դրամային է, եւ իրային. «Մի շարք պարագաներ ստանում ենք իրային տեսքով, բայց պարագաներ կան, որ յուրաքանչյուրը մի բան է օգտագործում՝ ատամի մածուկ, թրաշի փրփուր: Մեկը կաթրաշվում է, մի բան է օգտագործում, մեկը կա ընդհանրապես դեռ չի թրաշվում: Հաշվարկվեց, որ ավելի լավ է փողը տանք, այն ինչ իրեն պետք է, դա գնի: Այն, որ կարող են խնդիրներ լինել, այդպես է, կան դեպքեր, երբ գումարները այլ բանի համար են հավաքում եւ ծախսում, դրա հետ կապված մի շարք քրեական գործեր հարուցել ենք»:











