Երբեւիցե հայկական կողմը փակ բանակցություններում տեղի ունեցածի վերաբերյալ պայմանավորվածությունը չի խախտել ու չի էլ խախտի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե իբր Հայաստանը խախտել է պայմանավորվածությունը՝ չխոսել բանակցություններում քննարկված խնդիրների մասին:
«Խախտողը Ադրբեջանն է, որովհետեւ այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, դրանից հետո նա բոլորովին ուրիշ բաներ է ասում, ինչը շատ ակնհայտ է: Բավական է տեսնել համանախագահող երկրների նախագահների 5 հայտարարությունները, որտեղ նրանք բացահայտել են, թե ինչ է բանակցությունների սեղանին դրված, այդ թվում եւ երեք միջազգային սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն բանակցող կողմերը, եւ 6 տարրերը, ու համեմատել դրանք նրա հետ, ինչ խոսում է Ադրբեջանը»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե հայկական կողմը դիմե՞լ է համանախագահներին եւ բարձրացրե՞լ է հարցը, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները եւ եթե դիմել է, ինչ արձագանք կա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում բարձրացնել մի բան, որն առանց այդ էլ անզեն աչքով երեւում է, առավել եւս համանախագահներին: Բայց եթե անզեն աչքով երեւում է, դա չի նշանակում, որ պետք է դրա մասին լռել: Ադրբեջանն իր անհեռանկար քայլերով իրեն մղել է փակուղի բոլոր հարցերում: Արդյունքում նա փակում է իր ճանապարհն այդ փակուղուց դուրս գալու համար»:
Հարցին, թե արդյոք բանակցություններում քննարկվո՞ւմ է ապրիլյան պատերազմում հայկական կողմի՝ 800 հա տարածքի կորստի հարցը, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ մանրամասներին չի տիրապետում, քանի որ ինքը չի մասնակցում բանակցություններին. «Բայց որ ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաեւ միջնորդների մոտեցումների վրա, դա երեւում է»:











