Apple-ը հեռացրել է աշխատակցին, ում դուստրը ներկայացրել է դեռեւս չվաճառվող iPhone X-ը: Այս մասին Բրուք Ամելիա Պիտերսոնը հայտնում է նոր տեսանյութում: Նրա հայրը հեռացվել է Apple-ի կանոնը խախտելու համար, որն արգելում է նոր սարքերի ցուցադրումը մինչեւ դրանց թողարկումը, փոխանցում է Meduza-ն:
Ավելի վաղ Բրուք Ամելիա Պիտերսոնը տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էր նոր սմարթֆոնը, այդ թվում՝ թե ինչպիսի տեսք ունի օրացույցը, իրազեկումների էկրանը եւ այլ հավելվածները: Դրանում տեսանելի է եղել անձնական QR ծածկագիրը, որ տրվել էր Apple-ի աշխատակցին: Նկարահանումը կատարվել է ընկերության տարածքում: Հոլովակը համացանցից հեռացվել է, սակայն այն կարելի է գտնել Reddit-ում:
Պիտերսոնի հայրը մինչեւ հեռացվելը աշխատել է Apple Pay տեխնոլոգիայի ստեղծման վրա:
iPhone X-ի վաճառքը կսկսվի միայն նոյեմբերի 3-ից: Վերջին շրջանում սա ամենասպասված հեռախոսն է:











