Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում անել, իսկ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Նա այլ մանրամասներ հրաժարվեց հայտնել՝ հորդորելով դիմել ոստիկանության  լրատվական ծառայությանը:

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ այս պահին մանկապարտեզի տարածքում մնացել են միայն քաղաքացիներ, իսկ ներսում իրավապահները քննչական գործողություններ են կատարում:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում ոստիկաններին վերջապես հաջողվեց ազատ արձակել ավելի քան 4 ժամ պատանդառության մեջ գտնվող երեքամյա տղային. նրան դիմավորեցին ծափահարություններով:

Փոքրիկն այլայլված էր, լացում էր. նրան հայրն անմիջապես տեղափոխեց հիվանդանոց: Բարեբախտաբար, տղան վնասվածքներ չէր ստացել:

Րոպեներ անց ոստիկանները մգեցված ապակիներով մեքենայով շենքից դուրս բերեցին պատանդառուին, այնպես, որ ոչ ոք հնարավորություն չունենա տեսնելու նրա դեմքը: Դրանից հետո միայն շենքից դուրս բերեցին երկու վիրավորներին եւ տեղափոխեցին հիվանդանոց:

Ըստ տարածված լուրերի, վիրավորվածներից մեկը դանակով մանկապարտեզ մտած տղամարդու նախկին կինն է: Լուրեր կան, որ տղամարդը նախկին կնոջն ու երեխային տեսնելու պահանջով էր դանակով մտել մանկապարտեզի շենք՝ փորձելով այս կերպ վրեժխնդիր լինել նախկին զոքանչից, որովհետեւ թույլ չէին տալիս տեսակցել երեխային:

Ոստիկանությունն այս տեղեկությունները չի հաստատում, նրանք ասում են միայն, որ տղամարդը անձնական պատճառներ է ունեցել, սակայն չեն մանրամասնում:

Թեեւ ոստիկանությունը գաղտնի է պահում տղամարդու ինքնությունը, սակայն նախնական տվյալներով, նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է: