Նորզելանդական Netsafe կազմակերպության ծրագրավորողները ստեղծել են Re:scam կոչվող բոտը, որը նախատեսված է ինտերնետ-խաբեբաների հետ շփման համար, որոնց հետ նա երկարատեւ նամակագրություն է վարում պոտենցիալ զոհի փոխարեն։ Այս մասին հայտնում է Newsru.com–ը՝ վկայակոչելով N+1–ը։
Ինտերնետ կայքը գրում է, որ որպեսզի արհեստական ինտելեկտի տարրերով համակարգը սկսի շփումը, անհրաժեշտ է չարագործի email–ն ուղարկել Netsafe կայքում տեղադրված փոստային հասցեին։ Դրանից հետո բոտն ընտրում է վարքագծի մարտավարություններից մեկը եւ չարագործին հարցեր ուղարկում։ Համակարգը պլանավորված է այնպես, որ խոսակցությունն անվերջ շարունակվի։ Դա, ըստ Re:scam–ի հեղինակների, պետք է շեղի խաբեբաների ուշադրությունն իրական զոհերից։
Շփման ընթացքում Re:scam–ը տեղեկություն է հավաքում զրուցակցի մասին եւ սովորում է խոսակցություն վարել։ Այս պահի դրությամբ բոտն արդեն 16 հազար նամակ է գրել՝ ծախսելով 26 օր։











