«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ եթե Վանաձորի ավագանու հրավիրած նիստերի մասին դրույթը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել, ապա դրա հիման վրա կայացրած որոշումները եւս իրավական ուժ չեն ունենալու։ «Վիճարկել էինք այն դրույթը, որ Վանաձորի ավագանին գումարել էր նիստեր եւ որոշումներ էր կայացրել, այդ նորմը ճանաչվեց հակասահմանադրական, սրա հիման վրա կայացված նիստերի որոշումները եւս իրավական ուժ չեն ունենա ՍԴ-ի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո: Սահմանդրական դատարանը ժամկետ սահմանեց մինչեւ մարտի 31-ը: Մանդատագողությամբ ձեւավորված տեղական իշխանության փոքրամասնության քաղաքապետը ապօրինություններ է գործում շուրջ մեկ տարի: Վանաձորի ավագանին պետք է լուծարվի, արտահերթ ընտրություններ տեղի ունենան»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ հետագա քայլերը կորոշեն ՍԴ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո։ Իսկ եթե Վանաձորի ավագանին չլուծարվի, չկարողանա նիստեր կայացնել, իսկ ընդդիմությունն էլ բոյկոտի, նոր ճգնաժամ կսկսվի:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը:

Նշենք, որ ՏԻՄ օրենքը մի հոդվածում նշում է, որ նիստն իրավազոր է, երբ նիստին մասնակցում է ավագանու անդամներից կեսից ավելին, իսկ 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն էլ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: 4-րդ կետն էլ արձանագրում է, որ ավագանու որոշումները ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով: Այդ մեկ քառորդը կազմում է 8,2 ձայն, հետեւաբար Մամիկոն Ասլանյանի պնդմամբ, եթե 9 հոգի կողմ է որոշումների ընդունմանը՝ նիստն իրավազոր է:

Այս խնդրի առնչությամբ «Լուսավոր Հայաստան»-ը դիմել է Սահմանադրական դատարան: Եթե ՍԴ-ն որոշի, որ ՏԻՄ օրենքի այդ դրույթը հակասահմանադրական է, ապա, ամենայն հավանականությամբ, պետք է անվավեր ճանաչվեն մինչ օրս ավագանու ընդունած բոլոր որոշումները, քանի որ այնտեղ կեսից ավելին ներկա չի եղել: