Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր նոյեմբերի 13-ին, տեղի ունեցավ «Կասկադ Հոլդինգի» կողմից ստեղծված նորարարական կենտրոնի բացումը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ միջացառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Նոր կենտրոնը ուսանողներին հնարավորություն է տալիս զարգացնել ու ծանոթանալ էներգետիկայի եւ ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին:
Հոլդինգի վարչության անդամ Սերգեյ Պողոսովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենտրոնը նպաստում է նաեւ գիտության եւ տեխնոլոգիաների առաջխաղացմանը. «Ավոտմատացման ժամանակից համակարգերի զարգացումը հեռանկարային ուղղություն է մեր ոլորտի համար: Այս կենտրոնի շնորհիվ կկարողանանք ոչ միայն ապագա մասնագետներ պատրաստել, այլ նաեւ նոր հնարավորություններ ստեղծել կայացած աշխատակիցների համար»,-ասաց նա:
Նշենք, որ այս տարվա հունիսին նմանատիպ կենտրոն էր ստեղծվել նաեւ ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ ջանքերով:
Երեւանում այսօր նաեւ բացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի մեկ այլ ձեռնարկի՝ ռուսաստանյան խոշորագույն «Ռիո» ցանցի մաս կազմող «Ռիո մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնի բացման արարողությունը
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի, այլ պաշտոնատար անձանց ու հյուրերի հետ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել առեւտրի եւ ժամանցի կենտրոնի բացման արարողությանը:
Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիո»-ի բացմամբ կապահովվի շուրջ 500 նոր աշխատատեղ:
Ընդհանուր առմամբ, առեւտրի կենտրոնում բացվելու են մոտ ութ տասնյակ խանութներ, այդ թվում՝ միջազգային, ռուսական եւ տեղական տարբեր հայտնի բրենդների։ Առեւտրի կենտրոնում լինելու է սննդի սուպերմարկետ, մանկական Play Lab խաղահրապարակ եւ «Սինեմա սթար» կինոթատրոն։











