«Իգլա» ԶՀՀ ապօրինի շրջանառության գործով դատախազը պահանջել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ շրջանների դատարանի նիստում նոյեմբերի 13-ին դատախազ Արամ Արամյանը, ելույթ ունենալով մեղադրական ճառով, նորից հնչեցրեց ամբաստանյալների դեմ մեղադրանքը, թվարկեց նրանց վերագրվող արարքները՝ գրեթե վերաշարադրելով նախորդ դատական գործընթացը, այդ թվում՝ վկաների ցուցմունքները։
Դատախազի կարծիքով ամբաստանյալների մեղքն ապացուցված է, իսկ այն, որ նրանք չեն ընդունում մեղքը, իրականությանը չի համապատասխանում, հակասում է փաստերին։ Դատախազը նաեւ նշեց, որ պաշտպանող կողմը փորձում է հերքել հետաքննության արդյունքները, կասկածի տակ է դնում տվյալների իսկությունը։
Դատախազը հիշեցրեց, որ նման գործողություններն ուղղված են հասարակությունում սխալ կարծիքի ձեւավորմանը։ Նման փորձերի թվում դատախազն առանձնացրեց ԶՀՀ հայտնաբերված մասերը՝ որպես վտանգ չներկայացնող առարկաներ, ներկայացնելու փորձը, ինչը փորձաքննությամբ հերքվել է, քանի որ գործարկման սարքավորումը կարող է պայթել։ Ամբաստանյալների մեղքը հաստատող ապացույցների թվում դատախազը նշեց «Իգլա» ԶՀՀ մասերի առկայությունը։
Երկարաշունչ ճառի ավարտին դատախազը պահանջեց ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։
Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում պաշտպանող կողմը հանդես կգա ճառով, կկայանա նոյեմբերի 20-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:











