Օրենսդիրը պետք է կառուցողական քննարկում ծավալի, ոչ թե քննարկման իմիտացիա ստեղծի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին հայտարարել է «Հանուն կրթության նախաձեռնության» անդամ Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ եթե ցույցը 6 օր է շարունակվում է,ապա սա ապացույցն է այն բանի, որ ինչ-որ տեղ սխալ է թույլ տրվել։

«Մենք չենք ժխտում, որ կրթական համակարգում գոյություն ունի կոռուպցիա, բայց ՊՆ կրթական համակարգում կարող է ընդամենը աջակցել, որ գրվեն բանակի համար կիրառական աշխատանքներ, ոչ թե նախաձեռնի կրթական ռեֆորմ առանց պատշաճ հետազոտության»,-նշել է նա։

Նշենք, որ դասադուլավորները ԱԺ-ից վերադարձել են եւ շարունակում են իրենց բողոքի ցույցը ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմաց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ արդեն մեկ շաբաթ դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը այսօր առավոտյան հացադուլ են հայտարարել: Իսկ մյուս ուսանողները ԵՊՀ-ից երթով շարժվել են Ազգային ժողովի շենք:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: