ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը հանդիպել է դասադուլ անող ուսանողների հետ եւ առաջարկել 4-5 հոգի ընտրել, ովքեր կհանդիպեն ԱԺ ղեկավարության հետ։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի փոխանցմամբ, ԱԺ կողմից առաջարկվել է՝ քննարկել հետագա քննարկումների ձեւաչափը, ոչ թե կոնկրետ փաստարկներ։ «Մենք  մտադիր ենք այնպիսի ձեւաչափ առաջ քաշել, որի շնորհիվ հասարակության մեջ ավելի լայն շրջանակներ՝ ուսանողներ, դասախոսներ եւ այլ շերտեր կկարողանան մասնակցել»,-նշեց նա։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները կազմեցին 5 հոգանոց խումբ եւ այժմ ԱԺ-ում են։ Նրանց թվում է Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Պետրոսյանը, Հայկ Քոչարյանը եւ այլք։

Նշենք, որ հանդիպումն ընթանում է առանց լրատվամիջոցների ներկայության, մինչդեռ ԱԺ փոխնախագահի օգնականը ուսանողներին հավաստիացրեց, որ կլինի մեկ տեսախցիկ, որը կնկարահանի հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ու սոցիալական և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: