Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանում վարչապետ Կարեն Կարապետյանից կրկին հետաքրքրվեց՝ 2018թ.-ի ապրիլից հետո ով է լինելու Հանրապետության վարչապետը:
«Նոյեմբերի 2-ին ասուլիսի ժամանակ Ձեզ հարցրել են՝ արդյոք համակարծիք եք ՀՀԿ-ականների այն պնդումներին, որ Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀԿ նախագահ եւ ՀՀ անվտանգության թիվ մեկ երաշխավոր, անփոխարինելի է: Դուք պատասխանել եք, որ այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եք: Մենք բոլորս մարդ ենք, համենայն դեպս, հինգ րոպե առաջվա տվյալներով շրջանառության մեջ դրված չէր Սերժ Սարգսյանին Աստված հռչակելու մասին նախագիծը, Աստված բոլորին երկար տա կյանք, բայց եթե այդ անփոխարինելի մարդուն մի բան պատահեց, մեր ազնիվ ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը: Եթե անփոխարինելի է, ինչպե՞ս էիք ակնարկում, որ պատրաստ եք փոխարինել նրան, արդյո՞ք սա դավադրություն է ձեր կողմից մեր ազնիվ ցեղի նկատմամբ: Սա Ձեզ չի հիշեցնո՞ւմ մի պատմություն, երբ հարեւան երկրի ղեկավարը, ցույց տալով Բրեժնեւին, ասում էր՝ Кто говорил Ильич умер? Вот он- перед вами»,- հարց ու պատասխանի ժամանակ վարչապետին դիմեց Նիկոլ Փաշինյանը:
Կարեն Կարապետյանն այս երեք հարցերին պատասխանեց իր ոճով՝ շատ կարճ. «Ինչ որ ասել եմ, նույն կարծիքի եմ: Վարչապետի վերաբերյալ ասել եմ, որ ՀՀԿ-ն կորոշի, Բրեժնիեւի մասին չգիտեմ՝ ինչ պատասխանել»:
Նիկոլ Փաշինյանը հարցը վերաձեւակերպեց. «Ասենք՝ ՀՀԿ-ի նիստ է, Շարմազանովն առաջարկում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որեւէ մեկը կամ Դուք առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը, թե՞ վերադառնալու եք «Գազպրոմ Արմենիա», թե՞ երկրորդ, երրորդ վարչապետ եք գնալու»:
Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Ես իմ թեկնածությունը կառաջադրե՞մ, թե՞ չէ, թող մնա իմ մեջ»:











