ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը տարակուսած է, որ ընդդիմադիրները քննադատում են մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը հարցին անդրադարձել է այլ տեսանկյունից: Նրա մասնագիտական վերլուծության համաձայն՝ մաքսատուրքերի բարձրացումը նպաստելու է հայրենի արտադրության զարգացմանը, իսկ դրա վառ օրինակը կլինի աստղաբաշխական գնի հասած այս ապրանքատեսակի արտադրության շեշտակի զարգացումը: ՀՀԿ-ականի կանխատեսմամբ՝ մինչեւ գարուն կարագի շուկան կնվաճեն հայրենի արտադրողները։
«Մաքսային դրույքաչափերի բարձրացման մասին բոլորը երկու տարի առաջ գիտեին: Բարձրացում լինելու է 2019-ին եւ 2020-ին։ Յուրաքանչյուր հաջողակ բիզնեսմեն նման առավելությունից օգտվում է: Նա փնտրում է այլ տարածք, որտեղից կարելի է ներկրել նման ապրանքատեսակներ եւ կազմակերպում են դրանց արտադրությունը հանրապետությունում։ Մաքսային դրույքաչափերի բարձրացումն առաջին հերթին առավելություն է եւ խթանելու է տեղական արտադրության զարգացմանը: Այդ առավելությունից մեր գործարար աշխարհը կարող է օգտվել։ Ինչո՞ւ ամբողջ աշխարհում կարող են հասկանալ, որ այդպիսով տեղական արտադրությանը կարող են զարկ տալ, իսկ մեզ մոտ չեն հասկանում»,- ասաց իշխանության ներկայացուցիչը։
Պատգամավորը կասկած չունի, որ մինչեւ գարուն կարագի գինը նվազելու է: «Կասկած անգամ չունեմ, որ տեղական կարագի արտադրությունն առաջիկա ամիսների ընթացքում աճելու է, մաքսիմում գարնանը կարագի գինը նվազելու է։ Որպեսզի գինը ընկնի, պետք է կարագի ավելցուկ լինի, իսկ ավելցուկ կլինի արտադրության ծավալների մեծացման դեպքում, ցանկացած արտադրող պետք է օգտվի այդ առիթից»,- հավելեց Գագիկ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մաքսային դրույքաչափերը պետք է համապատասխանեցվեն ԵՏՄ-ում գործող չափերին: Շուրջ երկու տասնյակ ապրանքատեսակի մաքսատուրքի համապատասխանեցման վերջնաժամկետ է նշված այս տարին, եւս 14 ապրանքի դեպքում՝ 2018-ը, իսկ գործընթացն ամբողջությամբ պետք է ավարտվի 2020 թվականին:











