ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին «Դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին օրենքի նախագծի շուրջ ստեղծված աղմուկը հիշեցնում է «Կարգին հաղորդումի» սկետչներից մեկը:
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդարանում, անդրադառնալով նախօրեին մեծ աղմուկով ընդունված նախագծին Արարատ Միրզոյանը նշեց. «Հիշեցի այն հայտնի սկետչը, երբ երկու ընկեր զրուցում են, մեկն ասում է. «Հազար տարվա ընկեր ենք, անկեղծ ասա՝ դու իմ կնոջ հե՞տ ես», ընկերն էլ դրական պատասխան է տալիս, որից հետո մյուսն արձագանքում է. «Լավ չի էլի», ընկերն ասում է՝ «Ես ձեր ընտանիքից բան չեմ հասկանում, դու ասում ես՝ լավ չի, կինդ ասում ա՝ լավ ա»: Հիմա Ազգային ժողովում է. նախարարն ասում է՝ սահմանադրական չի, ԱԺ մարմիններն ասում են՝ սահմանադրական է, կողմնորոշվեք ժողովուրդ ջան»:
Արարատ Միրզոյանի այս ելույթից հետո տեղից սկսեց խոսել ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը: «Ելք»-ի եւ Սեյրան Սարոյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարարն ու ԱԺ մամուլի ծառայությունը պարզաբանեցին, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, սահմանադրական օրենք չի դրվել քվեարկության:











