Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վստահ է, որ «Դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին օրենքի նախագիծը սահմանադրական օրենք է եւ երկրորդ ընթերցումն էլ անցնում է սահմանադրական օրենքի ընդունման ռեժիմով:

«Երկրորդ, էդ Կառավարությունը չի որոշում՝ մենք որ ռեժիմով պետք է օրենսգիրք ընդունենք կամ չընդունենք: Հիմա ընդունենք՝ ինչ-որ սահմանադրական օրենք Կառավարությունը որոշեր, որ պետք է սովորական օրենքի ռեժիմով քննարկվեր, հո մենք էդպես չէինք անելո՞ւ: Էդ մենք ենք որոշում, սա սահմանադրական օրենք էր եւ օրենք է եւ քննարկվել եւ քննարկվելու է սահմանադրական օրենքին բնորոշ ռեժիմով»,- հայտարարեց Գեւորգ Կոստանյանը՝ այս կերպ անուղղակիորեն պաշտպանելով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, սահմանադրական օրենք չի դրվել քվեարկության: