«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում թանկացումների թեմայով հրավիրված լսումներից եկել է այն եզրահանգման, որ իշխանությունը գերշահույթ հետապնդող տնտեսվարողներին պատժելու կամք չունի։ NEWS.am–ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը պնդեց, որ հունվարի 1–ից բոլոր ապրանքների գների բարձրացումը գերշահույթ ստանալու նպատակով է եղել, ինչը նշանակում է, որ այդ տնտեսվարողները պետք է պատժվեն։
«Բոլոր ապրանքատեսակները, որ թանկացել են հունվարի 1–ի դրությամբ, եղել է գերշահույթ հետապնդելու նպատակով։ Այդ թանկացած ապրանքները ունեցել են ապրանքային մնացորդ հունվարի 1–ի դրությամբ։ Այսինքն՝ դրանց ձեռքբերումը եղել է շատ ավելի ցածր գնով, քան հունվարից հետո։ Դրա համար առնվազն այդ ապրանքների մասով գերշահույթներ են առաջացել։ Ես կարող եմ ասել՝ բոլոր թանկացած ապրանքներն են դրանք՝ բացառությամբ գազը»,–ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ եթե լսումների արդյունքում պարզեն՝ կան արհեստականորեն թանկացած ապրանքներ, ապա այդ տնտեսվարողները կպատժվեն։ Այսօրվա լսումներից Սերգեյ Բագրատյանը համոզվել է, որ կառավարությունը թանկացումները մեղմելու մեխանիզմների առաջարկների փոխարեն միայն արդարացումներ է ներկայացրել։ «Եթե գալիս ես լսումներ ու հետեւություններ անելու, որ մեղմես հետեւանքները, պետք է ներկայացնես այն գործիքակազմը, որ հնարավոր է դա անել, բայց ես չեմ լսել։ Ավելի շատ արդարացումներ են հնչում՝ ինչու է բարձրացել գները եւ որ գնաճը օգուտ է տնտեսությանը։ Թանկացումները մեղմացնելու հնարավորության վերաբերյալ ոչինչ չեմ լսել։ Ես համոզված չեմ, որ կառավարությունը եկել է մեղմելու թանկացումները»։ Ըստ պատգամավորի՝ մեղմելու մեխանիզմները աշխատավարձերի, թոշակների բարձրացումն է եւ ակցիզային հարկերի նվազումը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Աժ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ղեկավարությանն առաջարկել էր խորհրդարանական լսումներ կազմակերպել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների վերաբերյալ:











