Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը  Սերժ Սարգսյանի հանձնարարականով խորհրդարանում հրավիրված լսումները բավարար չի համարում թանկացումների հետեւանքները մեղմելու համար։  NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ լսումների ընթացքում  ոչ բոլորն են դեղատոմս առաջարկել, իսկ առհասարակ  հնչած առաջարկները դեռ պետք է քննարկվեն։

«Մենք ապրում ենք շուկայական տնտեսության պայմաններում, եւ իշխանությունը չի կարող մի որոշումով իջեցնել գները։ Իշխանության խնդիրը պետք է լինի տնտեսական աճ ապահովելը, որովհետեւ եթե գնաճը անխուսափելի է որոշակի ապրանքների դեպքում, ապա մարդու եկամուտը պետք է ավելանա, որ կարողանա իր երեխային պահել։ Արտակ Շաբոյանը եւ մեր  գործընկերները ներկայացրեցին այն ապրանքերի տեսակները, որոնց գները նվազել են՝  ի տարբերություն  մեր ընդդիմադիր գործընկերների, որոնք միայն խոսում են միայն սոխի, սխտորի ու խառը կանաչու գների անկումից, ես չեմ ուզենա, որ մեր ժողովուրդը միայն սոխ սխտոր ու խառը կանաչի ուտի»,–ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝  Ազգային ժողովում լսումներ հրավիրելու նպատակը չի եղել միայն թանկացումները մեղմելու լուծում գտնելը.«Այլ հասկանալ պրոբլեմը։ Եթե կա  գերշահույթ ստացող, եւ դա  կազդի ժողովրդի վրա, դրա դեմը առնել եւ սոցիալապես խոցելի խավերի համար, որոնց վրա պետք է ազդի գնաճը, հնարավորինս մեղմել»։

Ըստ  մեր զրուցակցի՝ լսումների ժամանակ հնչած կարծիքներն ու առաջարկները ԱԺ տնտեսական հարցերով մշտական  հանձնաժողովում դեռ պետք է քննարկվեն։  Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն էլ իր հերթին պետք է քննարկի եւ վերլուծություն ներկայացնի կառավարություն։ Թե  գները մեղմելու Սերժ Սարգսյանի առաջարկը որքանով կիրականացվի, դեռ չի ուրվագծվում,  իսկ մինչ այդ  «Ելք» խմբակցությունը կշարունակի թանկացումների դեմ բողոքի երթը, որը տեղի կունենա փետրվարի 5–ին։